Թրամփը հակադարձում է Թեհրանի պնդմանը, թե ԱՄՆ-Իրան բանակցությունները դադարել են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում նախօրեին ասել է, որ ակնկալում է՝ Իրանի հետ հրադադարը երկարաձգելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու համաձայնագիրը ձեռք կբերվի առաջիկա շաբաթվա ընթացքում։

«Կարծում եմ՝ խոսքը առաջիկա շաբաթվա մասին է», - ասել է Թրամփը՝ նշելով, որ համաձայնագիրը դեռ չի կնքվել, քանի որ «դեռ մի քանի կետ պետք է ստանամ»։

Իսկ Truth Social-ում կատարած գրառմամբ Միացյալ Նահանգների նախագահը հավաստիացրել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են։

«Բանակցություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ շատ արագ տեմպերով շարունակվում են», - առանց մանրամասներ հայտնելու՝ գրել է Թրամփը։

Գրառման անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ երեկ իրանական կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալությունը հաղորդեց, թե Իրանի բանակցային թիմը դադարեցնում է միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ հաղորդակցությունը

Իրանի արտգործնախարարությունը դատապարտել էր Իսրայելի կողմից Լիբանանում հրադադարի խախտումները՝ հավելելով, որ Վաշինգտոնը պատասխանատվություն է կրում «այս իրավիճակի հետևանքների և ազդեցությունների համար»։

NBC-ի եթերում նախագահ Թրամփը նախօրեին ասել է, որ բանակցությունների դադարեցման վերբերյալ Թեհրանից պաշտոնական տեղեկատվություն չեն ստացել։

Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է․ «Կարծում եմ՝ նորմալ է, եթե էլ չեն բանակցելու․․․Բայց նրանք մեզ չեն տեղեկացրել այդ մասին»։

CNBC-ին տված հարցազրույցում ևս Թրամփն անդրադարձել է թեմային․ «Իսկապես ինձ դա չի հետաքրքրում, բացարձակապես չի հետաքրքրում»։

Մեկ այլ գրառմամբ Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր, որ հեռախոսով զրուցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի հետ։ Միջնորդավորված խոսել է նաև «Հեզբոլա»-ի ներկայացուցիչների հետ։

«Իսրայելը նրանց վրա չի հարձակվի, նրանք էլ՝ Իսրայելի», - գրել էր նա։

Թեհրանից այս պնդումներին դեռ չեն արձագանքել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն հարվածել է իրանական ռադարներին, Իրանն էլ՝ Քուվեյթում ամերիկյան բազայինԻրանն ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ չի բանակցում. Բաղայի