Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնում Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Վաշինգտոն, 8-ը օգոստոսի, 2025թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հրաշալի բարեկամ և առաջնորդ է, իր Երկիրը հզոր, հարուստ և շատ անվտանգ է դարձնում։ Նիկոլն ամբողջությամբ կիսում է Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի համար ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ իմ տեսլականը», - իր Truth Social սոցցանցում գրել է Թրամփը։

Անդրադառնալով մայիսի 26-ին Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախաստորագրած փաստաթղթերին՝ Թրամփն ընդգծել է․ «Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին կազդարարեն Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու շինարարական աշխատանքների մեկնարկը, որը կվերափոխի Հարավային Կովկասը, ինչպես նաև կօգնի ամերիկյան մեր հրաշալի էներգետիկ ընկերություններին հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ»։

Նշելով այս պատճառները, նախագահ Թրամփը հայտարարել է՝ «2026 թվականի հունիսի 7-ի վերընտրության համար Նիկոլն ունի իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԲԱՑԱՐՁԱԿ աջակցությունը», ավելացնելով, որ «Նիկոլի աջակցությամբ Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան երբևէ չարձանագրված բարձունքների կհասցնենք»։

Հայաստանի վարչապետն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը՝ Ֆեյսբուքում գրելով. - «Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար»:

Մայիսի 26-ին կարճատև այցով Երևան ժամանած Ռուբիոն և Միրզոյանը նախաստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

TRIPP համաձայնագրի ստորագրումը արտգործնախարար Արարատ Միրզոյանը շաբաթների հարց է համարում: 49 տարի հայ - ամերիկյան ձեռնարկության 74 տոկոսը կպատկանի ԱՄՆ-ին, 26-ը՝ Հայաստանին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը ողջունում է ապաշրջափակման գործընթացը, բայց մտահոգ է ամերիկյան ներկայությամբԻնչ է ամրագրվում TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին նախաստորագրված համաձայնագրովԿարծում եմ՝ շաբաթների ընթացքում կունենանք TRIPP նախագծի ստորագրում. ՄիրզոյանԱՄՆ-ն և ՀՀ-ն նախաստորագրեցին TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը