Կարճատև այցով Երևան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:
Ստորագրվեցին նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը:
«Քիչ առաջ մենք մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ շեշտեց. «Այս համաձայնագիրը նշանավորում է մինչև օրս արված ամենամեծ քայլը, այս պատմական երթուղին իրականություն դարձնելու, խաղաղությունն առաջ մղելու և Հայաստանում ու ամբողջ տարածաշրջանում բարօրությունը մեծացնելու ուղղությամբ»:
Ռուբիոն ընդգծեց, որ հայ-ամերիկյան համագործակցություն չի սահմանափակվում միայն TRIPP-ով. - «Դրանք կառուցվում են շատ այլ եղանակներով, և դա այս վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից է։ Նախագահն անձամբ շատ հպարտ է ոչ միայն միայն TRIP-ով, այլև բոլոր այն մյուս բաներով, որոնք մենք շարունակում ենք կառուցել։ Դա լինելու է նախագահի երկրորդ ժամկետի ժառանգության կարևոր մասը, և մենք այսօր այստեղ ենք՝ շարունակելու աշխատել այդ ուղղությամբ։ Ահա թե ինչու այսօր, թարմացնելով Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, հնարավորություն է ստեղծվում ուրվագծելու ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունների ապագան և կերտելու գործընկերության ու տնտեսական հնարավորությունների նոր ուղի հայերի և ամերիկացիների համար: Շատ պարզ ասեմ՝ մենք հիմքեր ենք դնում այնպիսի տնտեսական ներգրավվածության համար, որը թույլ է տալիս հայերին գումար վաստակել և հասնել բարօրության, իսկ ամերիկացիներին՝ անել նույնը, և դա անել միասին, ինչը ազգերին միմյանց կապելու ամենաամուր միջոցներից է՝ միշտ գործելով այնպես, որ հարգվի ձեր ինքնիշխանությունը՝ որպես պետության, բայց այնպիսի եղանակներով, որոնք փոխշահավետ են»։
Դիմելով ԱՄՆ պետքարտուղարին, ՀՀ ԱԳ նախարարն ասաց.- «Բոլոր ջանքերն այսուհետ ևս կգործադրենք, որպեսզի քայլ առ քայլ իրականություն դարձնենք նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի ուրվագծած համագործակցությունը, որը վստահաբար շահեկան է լինելու և՛ Հայաստանի, և՛ ԱՄՆ-ի համար, նաև մյուսների համար՝ տարածաշրջանում, ովքեր կառուցողականորեն և համագործակցաբար կներգրավվեն այս նախագծի ստեղծած հնարավորությունների մեջ»:
Ընտրություններից երկու շաբաթ առաջ Երևան ժամանած պետքարտուղարն այսօր նաև աջակցող հայտարարություն արեց վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին. - «Դուք [նկատի ունի արտգործնախարար Միրզոյանին], վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա Հայաստանի համար։ Մենք ուրախ ենք այստեղ մեր աջակցությունը հայտնել այս տեսլականին: Հպարտ ենք, որ մասնիկն են այս ամենի և պատրաստ ենք միասին ավելին անել»:
Պետքարտուղարությունն, ի դեպ, հանդիպմանը հաջորդած հաղորդագրությունում նշել է, որ Ռուբիոն և Միրզոյանը քննարկել են նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացն ու հայաստանյան առաջիկա ընտրությունները:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին Երևանում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարեց՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փոխնախագահն այս մասին խոսեց, երբ նրան հարցին, թե Վաշինգտոնը որքան ներդրում է նախատեսում անել TRIPP նախագծում: Փաստացի Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան թե՛ այս, թե՛ Միացյալ Նահանգների հետ մյուս ծրագրերի իրականացումը կապեց Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հետ:
ԱՄՆ պետքարտուղարը Երևան էր ժամանել կնոջ հետ:
Նախքան երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, տեղի ունեցավ ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցությունները տեղի ունեցան հենց օդանավակայանում: ԱՄՆ պետքարտուղարի կարճատև այցը Երևան մոտ մեկ ժամ տևեց:
Մամուլի ասուլիսի ընթացքում, արդեն արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Վստահեցնում եմ, որ TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստան-Միացյալ Նահանգներ միջպետական պայմանագրի ստորագրումը որոշ տեխնիկական ընթացակարգերի իրականացումից հետո արագ տեղի կունենա»:
Արտգործնախարարությունը հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը, որտեղ նշվում է՝ կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում TRIPP-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ, և հաստատում են, որ սույն Համաձայնագիրը և TRIPP-ը նպատակ ունեն ծառայելու որպես առանցքային մեխանիզմներ հանուն խաղաղ և ինքնիշխան Հայաստանի: Նշվում է, որ TRIPP-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա՝ միևնույն ժամանակ կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանսկասպյան առևտրային երթուղու կենսական հանգույց:
Տեքստի մանրամասներն՝ այստեղ