Թրամփի խոսքով՝ այսօր ԱՄՆ-Իրան բանակցություններ կանցկացվեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Ջերսիից Վաշինգտոն վերադառնալիս օդանավում պատասխանում է լրագրողների հարցերին, 2-ը օգոստոսի, 2026թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր կեսօրից հետո ԱՄՆ-Իրան բանակցություններ են տեղի ունենալու՝ չմանրամասնելով, սակայն, թե որտե՞ղ և ո՞ւմ մասնակցությամբ են նախատեսվում դրանք։

Լրագրողի հարցին, թե ո՞րն է գործարք կնքելու Վաշինգտոնի վերջնաժամկետը, Թրամփը ուղիղ պատասխան չի տվել։ Նա նշել է․ «Կնախընտրեի՞ գործարք կնքել։ Ես նպատակ չունեմ մարդկանց սպանել, քանի որ մարդիկ մահանում են, շատ մարդիկ են մահանում, և մենք դա չենք ուզում»։

Լարվածության որոշակի թուլացմանը նախորդել էր օրեր տևած ԱՄՆ-Իրան նոր հարձակումների մասին սպառնալիքների փոխանակումը։ Հարվածների աշխարհագրությունը նախորդ շաբաթ տարածվել էր նաև Կարմիր ծովում։ Թիրախավորվել էր Եգիպտոսի միջերկրածովյան օբյեկտներից մեկը։

Թրամփը շաբաթ ուշ երեկոյան հայտարարեց, որ չեղարկում է Իրանի դեմ նոր հարձակումը, քանի դեռ հնարավոր է արագ գործարք ձեռք բերել Իրանի միջուկային հավակնությունները կասեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, Թրամփը դարձյալ սպառնացել էր՝ շեշտելով, որ «ԱՄՆ-ն կազմ-պատրաստ է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կռվելու»։

Մինչ Թրամփը բանակցություններից է խոսում, երեկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել իր սաուդցի պաշտոնակից Ֆայզալ բին Ֆահրանի և Պակիստանի զինված ուժերի առաջնորդ Ասիմ Մունիրի հետ՝ քննարկելով դիվանագիտական ջանքերը։

IRNA պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով Արաղչիին, հաղորդել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և Օմանի բանակցություններն արդեն եզրափակիչ փուլում են։

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Մասկաթի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել նեղուցով նոր երթուղու շուրջ համաձայնության հասնելու վրա՝ պարզաբանելով, որ դա «որևէ առնչություն չունի Հորմուզի նեղուցի բաց կամ փակ լինելու հետ։ Դա առանձին քննարկում է»։

Հուլիսին Իրանը մերժեց ընդհանուր նեղուցը համատեղ կառավարելու Օմանի առաջարկը, որն արժանացել էր Ծոցի երկրների հավանությանը։ Իրավիճակին ծանոթ աղբյուրները Reuters-ին հայտնել էին, որ, ըստ օմանական առաջարկի, նեղուցից օգտվելու համար կամավոր վճարների հավաքագրում էր նախատեսվում։

Նախքան փետրվարին սկսված պատերազմն աշխարհում սպառվող նավթամթերքի և հեղուկ գազի 20 տոկոսը Հորմուզով էր տարանցվում։ Իր դեմ ամերիկա-իսրայելական համատեղ հարձակման մեկնարկից ի վեր Թեհրանը փաստացի փակ է պահում առանցքային ջրային ուղին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը չի խնդրել Թրամփին դադարեցնել հարձակումները․ MehrԹրամփը հայտարարում է՝ ձեռնպահ կմնա Իրանի դեմ նոր հարձակումից՝ արագ գործարքի հույսով Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները զգուշացնում են «պոտենցիալ էսկալացիայի» մասինԻրանցի գեներալը սպառնում է ԱՄՆ-ի «վահան» երկրներին՝ «կայրվեն պատերազմի կրակում»Վաշինգտոնը և Թեհրանը սպառնալիքներ են փոխանակում