ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների այցը Մոսկվա հոկտեմբերին կարելի է ակնկալել, սակայն դեռևս հայտնի չէ՝ կկայանա՞ այն արդյոք այդ ժամկետներում, հայտարարել է Կրեմլի խոսնակը:
«Նրանց միշտ ուրախ են տեսնել Մոսկվայում, նախագահը միշտ ուրախ է նրանց հետ հանդիպել», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Դմիտրի Պեսկովը:
Մոսկվայում հայտնի է, որ այսօր Թրամփի բանագնացները ԱՄՆ-ում շփումներ են ունենալու ուկրաինացիների հետ, նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ շարունակելով. - «Իբր կան ինչ-որ համալիր պլաններ, կարգավորման համալիր գաղափարներ: Եթե իրոք դրանք ինչ-որ ձևով քննարկվեն Մայամիում, և ամերիկացի բանակցողներն անհրաժեշտ կհամարեն կիսվել դրանով Մոսկվայում, նրանց, իհարկե, ուրախ կլինեն տեսնել»:
Ուիթքոֆը և Քուշները վերջին անգամ Մոսկվա և Կիև են այցելել սեպտեմբերի սկզբին: Թրամփի բանագնացների հետ Մայամիում բանակցելու նպատակով այսօր ԱՄՆ է մեկնում ուկրաինական պատվիրակությունը: