Մատչելիության հղումներ

Ուկրաինական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ. ի՞նչ նոր առաջարկներ են քննարկելու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները մամուլի ասուլիսի ժամանակ, Կիև, Ուկրաինա, 6-ը սեպտեմբերի, 2026 թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները մամուլի ասուլիսի ժամանակ, Կիև, Ուկրաինա, 6-ը սեպտեմբերի, 2026 թ.

Ուկրաինանական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցելու, հայտնել է նախագահ Զելենսկին:

Նա նշել է, որ ուկրաինական պատվիրակության կազմում են իր աշխատակազմի ղեկավարը, տեղակալը, իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարն ու Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը: Հնարավոր է՝ Եվրոպան ևս մասնակցի հանդիպումներին:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկվելու է նոր առաջարկ, «որը ներառում է հակամարտության բոլոր ասպեկտները և ուղղված է պատերազմի դադարեցմանը»:

«Դիվանագիտական փակուղի» չկա

Ուկրաինացի պատվիրակների այցից առաջ Զելենսկին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, թե հակամարտությունը մտել է փակուղի:

«Չի կարելի մի կողմից բանակցել ռուսների հետ ապագա տնտեսական որոշ նախագծերի շուրջ, իսկ մյուս կողմից՝ ասել, թե … դիվանագիտական փակուղում ենք: Մենք դիվանագիտական փակուղում չենք … Մի՛ կերակրեք նրանց ձեր վաճառքներով։ Պարզապես պատժամիջոցներ կիրառեք»,- ասել է Վլադիմիր Զելենսկին:

Զելենսկին նաև ԱՄՆ-ին կոչ է արել թույլ տալ Ուկրաինային՝ օգտագործել ամերիկյան Starlink ընկերության արբանյակային ինտերնետ կապը Ռուսաստանի տարածքում, քանզի դա կօգնի առավելություն ստանալ օդում: Դա, ըստ նրա, նաև ինչ-որ պահի Պուտինին կստիպի նստել բանակցությունների:


Ամերիկացի բանագնացները սեպտեմբերին էին այցելել Մոսկվա և Կիև, քննարկել երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի տարրերը և պատերազմի ավարտի հնարավոր տնտեսական օգուտները։ Նաև առաջարկել էին վերականգնել եռակողմ ձևաչափով հանդիպումները:

Ինտենսիվ հարվածները շարունակվում են

Ու մինչ ուկրաինացիները մեկնում են Վաշինգտոն, Ռուսաստանը շարունակում է ինտենսիվ հարվածները: Վերջին երեք օրում Ուկրաինայում առնվազն 60 մարդ է սպանվել, վիրավորվել 120-ից ավելին: Ռուսաստանը հայտարարել է, որ Սև ծովում հարվածել է նավի, որը բեռներ էր մատակարարում ուկրաինական բանակին:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն բնակիչներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում ժամանակավորապես հեռանալ մայրաքաղաքից։ Այսօրվա հարվածներից Զապորոժիեում առնվազն մեկ մարդ է սպանվել, կան նաև վիրավորներ:

«Սա ահաբեկչություն է։ Ահաբեկում են բնակչությանը՝ ամեն ինչ ոչնչացնելու համար։ Ի՞նչ կարելի է ասել։ Բառեր չեմ գտնում»,- ասել է Զապորոժիեի բնակիչ Էլինա Հնդալչենկոն:

«Մեր բնակարանը վնասվել է, բայց մենք ուկրաինացիներ ենք և դեռ այստեղ ենք։ Մենք չենք ուզում, որ Ռուսաստանն այստեղ լինի, մենք չենք վախենում Պուտինից»,- նշել է Զապորոժիեի բնակիչ Կատերինա Դանիլովան:

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռուսաստանին, այդ թվում՝ Տվերին, Բելգորոդին և Կալուգային, կան զոհեր և վիրավորներ։ Ուկրաինան հարվածել է Կոմիի Ուխտա քաղաքի նավթավերամշակման գործարանին, նաև փորձարարական գործարանի Տվերում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG