Ամենաերկար ելույթը Կոնգրեսում՝ տնտեսություն, սահմաններ, Իրան, Ուկրաինա. ինչ ասաց Թրամփը

Եթե հնարավոր չլինի դիվանագիտությամբ լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը, խնդիրը կլուծվի ռազմական ճանապարհով, հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատում երկրի վիճակի մասին ելույթում, որն ամենաերկարն էր ԱՄՆ պատմության մեջ՝ 1 ժամ 48 րոպե:

Դոնալդ Թրամփը հիշեցրեց Իրանի դեմ անցած տարի իրականացված ռազմական գործողությունները, ապա հայտարարեց՝ Թեհրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ունենալ. «Ես նախընտրում եմ խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Բայց մեկ բան հաստատ է՝ երբեք թույլ չեմ տա, որ աշխարհում ահաբեկչության թիվ մեկ հովանավորը ... միջուկային զենք ունենա»։

Սպիտակ տան ղեկավարը խոստացավ «խաղաղություն հաստատել այնտեղ, որտեղ հնարավոր է»: Թրամփն ասաց, որ հիմա ակտիվ աշխատում են արդեն հինգերորդ տարին շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար և խոստացավ շարունակել բանակցությունները:

«Ամեն ամիս 25 հազար զինվոր է մահանում։ Մտածեք այդ մասին, ամսական 25 հազար զինվոր է մահանում», - նշեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի և ԱՄՆ բանակցողները վաղը կքննարկեն հետպատերազմյան վերականգնման հարցերը

ԱՄՆ-ն ավելի հարուստ է, ուժեղ, քան երբևէ, սահմանն՝ ավելի անվտանգ. Թրամփ

Թրամփը խոսեց նաև տնտեսության և այլ ոլորտների մասին: Միացյալ Նահանգները հիմա ավելի լավ վիճակում է, ավելի հարուստ է, ուժեղ, քան երբևէ, ասաց նա: «Սա Ամերիկայի ոսկեդարն է»,- շեշտեց Թրամփը՝ նշելով, որ նախորդ իշխանություններից ժառանգել էր պետություն, որը ճգնաժամի մեջ էր՝ լճացած տնտեսությամբ, ռեկորդային գնաճով, բաց ու անհուսալի սահմաններով, հանցագործությունների բարձր մակարդակով: Այսօր, սակայն, այդ խնդիրները հաղթահարվել են, վստահեցրեց նա:

«Բայց այս երեկո՝ ընդամենը մեկ տարի անց, կարող եմ արժանապատվորեն և հպարտությամբ ասել, որ հասել ենք այնպիսի վերափոխման, ինչպիսին ոչ ոք երբևէ չի տեսել: Սա իսկապես շրջադարձային կետ է», - ընդգծեց ԱՄՆ առաջնորդը։

Թրամփը, ում վարկանիշը, ըստ վերջին հարցումների, նվազել է կենսապայմանների վատացման պատճառով ընտրողների շրջանում հիասթափության ֆոնին, մոտ մեկ ժամ խոսեց իր ձեռքբերումներից: Նա նշեց, որ գնաճը, վարկերի տոկոսադրույքները, վառելիքի գները նվազում են, իսկ նավթի արտադրությունը և օտարերկրյա ներդրումներն ավելանում են՝ շինարարության ծավալների և աշխատատեղերի հետ մեկտեղ։

Սակայն նա չխոսեց խնդիրների մասին, որոնց ամերիկացիները բախվում են գնաճի և իր իսկ մաքսատուրքերի պատճառով: Ավելին, տնտեսական հաջողությունները նա վերագրեց նաև մաքսատուրքերին, ապա քննադատեց Գերագույն դատարանին դրանք չեղարկելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է Թրամփի մաքսատուրքերի մեծ մասը


«Ընդամենը չորս օր առաջ ԱՄՆ Գերագույն դատարանը մի անհաջող որոշում կայացրեց։ Շատ անհաջող որոշում։ Բայց լավ լուրն այն է, որ գրեթե բոլոր երկրներն ու կորպորացիաները ցանկանում են պահպանել արդեն կնքված գործարքները», - ասաց նա։

Խոսելով սահմանի մասին՝ նախագահն ասաց, որ այն այժմ անվտանգ է, քան երբևէ, իսկ վերջին ինը ամիսներին մուտքի թույլտվություն չի տրվել ոչ մի անօրինական ներգաղթյալի. «Չորս տարի անց, որի ընթացքում միլիոնավոր անօրինական ներգաղթյալներ հատեցին մեր սահմանները՝ առանց ամբողջական ստուգման և վերահսկողության։ Այժմ մենք ունենք Ամերիկայի պատմության մեջ ամենաամուր և ամենաապահով սահմանը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լոս Անջելեսում շարունակվում են ցույցերը և բախումները

«Դուք սպանել եք ամերիկացիների»

Թրամփի ելույթը բազմիցս ընդհատվում էր հանրապետականների հոտնկայս ծափահարություններով, մինչ դեմոկրատները քար լռության մեջ էին, որոնց Թրամփը մի քանի անգամ մեղադրանքներ ուղղեց: Ու երբ հերթական մեղադրանքն էր հնչեցնում նրանց հասցեին՝ ներգաղթյալներին ԱՄՆ քաղաքացիներից վեր դասելու համար, դեմոկրատ Իլհան Օմարը բղավեց. «Դուք սպանել եք ամերիկացիների: Դուք մարդասպան եք։ Պետք է ամաչեք»:

Դեմոկրատներից շատերի կրծքին փակցված էին գրություններ, որոնք կոչ էին անում հրապարակել սեռական հանցագործ Էփշտեյնի գործի արխիվները, որոնցում հիշատակվում է նաև Թրամփի անունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը ստորագրել է Էփշտեյնի գործի բացահայտման մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահն անդրադարձով նաև Միլանի Օլիմպիական խաղերում կանադացիների նկատմամբ ԱՄՆ տղամարդկանց հոկեյի թիմի տարած հաղթանակին՝ առաջինը վերջին 46 տարում: Նա հատուկ ողջունեց թիմին, որը ևս ներկա էր Կոնգրեսում:

Այլ միջադեպեր

Թրամփի ելույթն ուղեկցվեց այլ միջադեպերով: Անվտանգությունը դուրս հանեց դեմոկրատ Իլհան Օմարի հրավերով ներկա Ալիյա Ռահմանին, որը բղավելով հակադարձեց Թրամփի պնդմանը, թե Մինեսոտայի սոմալիական համայնքը հարկատուներից «մոտ 19 միլիարդ դոլար է յուրացրել խարդախ սխեմաներով»:

Դահլիճից դուրս բերվեց նաև Տեխասից դեմոկրատ Ալ Գրինը, որը «Սևամորթ մարդիկ կապիկներ չեն» գրությամբ պաստառով բողոքում էր Թրամփի դեմ: ԱՄՆ նախագահն ավելի վաղ սոցցանում հրապարակել էր տեսանյութ, որում նախկին նախագահն ու առաջին տիկին Բարաք և Միշել Օբամանները որպես կապիկներ էին պատկերված:

Մի շարք դեմոկրատներ բոյկոտել էին ելույթը և Կապիտոլիումից ոչ հեռու հանրահավաք էին անում՝ վարչակազմին մեղադրելով կեղծիք տարածելու և ժողովրդավարությունը խաթարելու մեջ: