Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի ժամկետը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով

Կրեմլը հայտարարում է՝ Մոսկվան և Վաշինգտոնը դեռևս չեն համաձայնեցրել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի ժամկետը։

Դեռևս պարզ չէ, թե երբ այն կարող է տեղի ունենալ, TASS-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկայում հեռախոսազրույց կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Ժամկետների մասին ԱՄՆ նախագահը ևս չէր հայտնել:

Սպասվող զրույցի մասին Թրամփը ասել էր լրագրողների այն հարցին ի պատասխան՝ թե արդյոք նա Պուտինի հետ քննարկե՞լ է Իրկուտսկում տեղի ունեցած իրադարձությունները:

Մինչ այդ էլ ԱՄՆ նախագահը նշել էր, որ պատրաստ է օգնել Ռուսաստանին՝ ժանտախտի դեմ պայքարում՝ նշելով, որ թոքային ժանտախտը «ծանր հիվանդություն» է։ «Չէի ցանկանա, որ նրանք այդ հիվանդությունն ունենային: Մենք միշտ պատրաստ ենք օգնել յուրաքանչյուրին, ով նման խնդիր ունի»,- ասել էր նա։

«Ազատության» «Сибирь.Реалии» նախագիծն ավելի վաղ հայտնել էր, որ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո այդ հաստատության ավելի քան 60 աշխատակցի մեկուսացրել են շենքում։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Դարյա Շիպիլովան լաբորատորիայում կոտրել էր ժանտախտի հարուցիչը պարունակող փորձանոթը։ «Ռոսպոտրեբնադզորը» հերքում է այդ հաղորդագրությունները՝ պնդելով, որ Շիպիլովան մահացել է «չպարզված թոքաբորբից», նրա մոտ չեն հայտնաբերվել իր մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ, իսկ ինստիտուտում ախտածինների հետ աշխատանքի ընթացքում վթարներ չեն եղել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախնական գնահատականով՝ Իրկուտսկում ենթադրյալ ժանտախտի ռիսկը միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում՝ շատ ցածր, հայտարարել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը: Նա նշել է, որ սիբիրյան քաղաքում լաբորատորիայի աշխատակցուհու մահը մտահոգություններ է հարուցել հնարավոր ժանտախտի վերաբերյալ, և ԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը Իրկուտսկում ժանտախտի մասին զգուշացում է տարածել ամերիկացիների համարԱՀԿ. Ժանտախտի ռիսկը Իրկուտսկում միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, Եվրոպայում՝ շատ ցածր