Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտենում է մի փուլի, երբ կարևորագույն որոշում պետք է կայացնի՝ «ոչնչացնե՞լ իր իրանցի թշնամիներին», թե՞ ոչ։
«Ես մեծ որոշում պետք է կայացնեմ։ Ուզո՞ւմ եմ մտնել և ոչնչացնել նրանց, թե՞ ոչ», - Axios-ին ասել է Թրամփը։
«Դա կարևոր որոշում է։ Ինձ հետ ամեն ինչ կարող է պատահել», - հավելել է նա՝ ասելով, որ Իրանն անմիջական կապի մեջ է ԱՄՆ-ի հետ, և որ Թեհրանը ցանկանում է համաձայնության գալ։
Թրամփը նշել է, որ հուլիսին ԱՄՆ-ի կողմից պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ձախողումից հետո Իրանի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ սահմանած ռազմածովային շրջափակման շնորհիվ ոչ մի նավ չի հասել Իրան։
ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունները կրկին ակտիվացա օգոստոսի վերջին՝ շուրջ մեկամսյա դադարից հետո։ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են տարաձայնությունները նաև Հորմուզի նեղուցի վերահսկողության, Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների շուրջ։
Ի՞նչ են ասում հարցումները
Fox News-ի անցկացրած հարցումը պարզել է, որ ամերիկացի ընտրողների 60%-ը կարծում է, որ Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշումը սխալ էր, 71%-ի կարծիքով էլ Թրամփի վարչակազմը չունի Իրանի հետ պատերազմը դադարեցնելու հստակ ռազմավարություն։ Պատերազմը սկսելը ճիշտ է համարել հարցվածների 37%-ը:
Իրանի դեմ պատերազմին դեմ արտահայտվողների թիվը մեծացել է հունիսից ի վեր. այն ժամանակ հարցվածների 58%-ն էր այս որոշումը սխալ որակել։
Արդյոք Իրանի հետ հակամարտությունը երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ն ավելի պակաս անվտանգ կդարձնի: Նման կարծիք ունեցողների թիվը ապրիլի 39%-ից աճել է մինչև 47%։ Հարցվածների 32%-ը նշել է, որ պատերազմը երկիրն ավելի անվտանգ կդարձնի։
Թրամփի ընդհանուր հավանության վարկանիշը կազմել է 39%, մինչդեռ 61%-ը դժգոհ է նրա գործունեությունից։ Նրա արտաքին քաղաքականության հավանության մակարդակը նվազել է մինչև 37%, ինչը նրա երկրորդ ժամկետի ամենացածր մակարդակն է։
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 11-ից 14-ը 1211 գրանցված ընտրողների շրջանում և ունի 3 տոկոսային կետի սխալականության միջակայք։