ՄԱԿ-ի Իրանի հարցով փաստահավաք առաքելությունը հայտարարել է, որ բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ փետրվարին Իրանում դպրոցին և մարզական օբյեկտին հասցված հարվածների հետևում կանգնած է ԱՄՆ-ն, և որ դրանք համարվում են պատերազմական հանցագործություններ, հայտնում է Reuters-ը։
Փաստահավաք խումը նաև պարզել է, որ Իրանի իշխանությունները մարդկության դեմ հանցագործություններ են կատարել անցած տարվա վերջին հակակառավարական բողոքի ցույցերը ճնշելու ժամանակ, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են սպանվել:
Իրանի վերաբերյալ Անկախ միջազգային փաստահավաք առաքելության նոր զեկույց պետք է ներկայացվի Ժնևում գտնվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Դրանում ներկայացված են ԱՄՆ-ի վարքագիծը փետրվարին Իրանի սկսված պատերազմի ժամանակ և Իրանի կառավարության արձագանքը դեկտեմբերի վերջին սկսված զանգվածային անկարգություններին։
ԱՄՆ պաշտոնյաները նախկինում հայտարարել են, որ ռազմական գործողություններն իրականացվում են զինված հակամարտության օրենսդրությանը համապատասխան, իսկ Իրանը հետևողականորեն հերքել է մարդու իրավունքների համակարգված խախտումների մասին մեղադրանքները։
Մինաբի դպրոցին հարվածը
ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ բավարար հիմքեր են գտել ենթադրելու, որ ԱՄՆ ուժերն են պատասխանատու Մինաբ քաղաքի Շաջարե Թայեբեհի նախակրթարանի վրա հարձակման համար, որտեղ, ըստ իրանցի պաշտոնյաների, զոհվել է ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ մոտ 120 դպրոցական։
Առաքելությունը եզրակացրել է, որ այս հարձակումը տարբերություն չի դրել ռազմական և քաղաքացիական թիրախների միջև և հանգեցրել է քաղաքացիական բնակչության մահվան և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասման, ինչը միջազգային իրավունքի համաձայն համարվում է պատերազմական հանցագործություն։
Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ն հիմնվել է հետախուզական տվյալների վրա, որոնք ենթադրում էին, որ իրանցի բարձրաստիճան զինվորական հրամանատար է ներկա եղել այդ վայրում, սակայն չի կարողացել բավարար չափով ստուգել տեղեկությունը հարվածելուց առաջ։ Ըստ հետաքննիչների՝ այն, որ ԱՄՆ-ն չի թարմացրել թիրախավորման հետախուզական տվյալները և չի հաստատել, թե արդյոք այդ շենքը ռազմական նպատակակետ է, թե ոչ, ավելին է, քան պարզապես անփութությունը։
«Փոխարենը, ԱՄՆ-ն ուղղել է հարվածները դպրոցի շենքին՝ գիտակցելով քաղաքացիական օբյեկտին հարվածելու էական ռիսկը և անզգուշորեն է գործել առ այն, որ նման բան կարող է տեղի ունենալ»։
Հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ փետրվարին «ոչ ոք» միտումնավոր չի հարձակվել Իրանում գտնվող աղջիկների դպրոցի վրա՝ հղում անելով միջադեպի հետաքննությանը: Reuters-ն առաջինը էր հաղորդել, որ ԱՄՆ ներքին նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ ԱՄՆ ուժերն են, հավանաբար, պատասխանատու այս հարձակման համար:
Պենտագոնը ակտիվացրել է հետաքննության ընթացքը, սակայն դեռևս նախնական եզրակացություններ չի հրապարակել։
ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ դպրոցը հստակ նույնականացվող քաղաքացիական օբյեկտ է և չեն գտել որևէ ապացույց, որ այն օգտագործվել է ռազմական նպատակներով։
Փորձագետները նմանատիպ եզրակացության են հանգել Լամերդի մարզական կենտրոնի վրա կատարված հարվածի վերաբերյալ։ Զեկույցում ասվում է, որ հարձակումը վնասել է մոտակա բնակելի շենքերը և դպրոցը, ինչպես նաև սպանել և վիրավորել է 22 քաղաքացիական անձի։ Զեկույցը եզրակացրել է, որ այս հարվածը ևս տարբերություն չի դրել քաղաքացիական և ռազմական թիրախների միջև, և հետևաբար, համարվում է ռազմական հանցագործություն։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը մարտինհայտարարեց, որ ամերիկյան ուժերն այդ օրը որևէ հարված չեն հասցրել Լամերդ քաղաքին։
Իրավունքների չարաշահումներ Իրանում
ՄԱԿ-ի առաքելության հետաքննությունը պարզել է, որ Իրանի իշխանությունները անցյալ տարվա դեկտեմբերի վերջին բռնկված բողոքի ցույցերի ժամանակ լայնածավալ և համակարգված հարձակում են իրականացրել քաղաքացիական անձանց դեմ, ինչը ներառել է անօրինական սպանություններ, խոշտանգումներ, կամայական կալանքներ, հարկադիր անհետացումներ և խոսքի ազատության խիստ սահմանափակումներ։
Իրավապաշտպան խմբերը հայտնում են, որ 1979 թվականի հեղափոխության ժամանակ շիա մուսուլման հոգևորականների իշխանության գալուց ի վեր ամենազանգվածային բռնաճնշումների ժամանակ սպանվածների թվում են եղել նաև անցորդներ։ Թեհրանն այդ ժամանակ մեղադրում էր «ահաբեկիչներին և անկարգություններ հրահրողներին», որոնց աջակցում են վտարանդի հակառակորդները և օտարերկրյա թշնամիները՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը։
Հետաքննության հեղինակները նշում են, որ չեն կարող անկախ կերպով հաստատել զոհերի թիվը, սակայն կարծում են, որ զոհվածների և վիրավորների թիվը, հավանաբար, շատ ավելի բարձր է, քան պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ զոհվերի թիվը 3038 է, իսկ վիրավորներինը՝ 25,000։
Զեկույցում նշվում է, որ կառավարության արձագանքը բողոքի ցույցերին, այդ թվում՝ բռնությունն ու սպանությունները, ինտերնետի անջատումը և մահապատժի կիրառումը, զգալիորեն սաստկացել է այլախոհությունը ճնշելու նախկին մեթոդների համեմատ։