Թրամփն առայժմ հրաժարվել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ ուժեղացնելու ծրագրերից. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ հրաժարվել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ ուժեղացնելու ծրագրերից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։

NYT-ի փոխանցմամբ՝ որոշումը հաջորդել է մտահոգություններին, թե հնարավոր էսկալացիան կարող է սպառել Մերձավոր Արևելքում Patriot համակարգերի և ՀՕՊ այլ միջոցների հրթիռների պաշարները:

Լրատվամիջոցի տվյալներով՝ որոշումը կայացվել է խորհրդականների և վարչակազմի հիմնական անդամների հետ հանդիպումից հետո։

NYT-ի զրուցակիցները ասել են՝ ամերիկացի որոշ պաշտոնյաներ կարծում են, որ նոր հարվածները չեն ստիպի Թեհրանին վերադառնալ բանակցությունների, այլ ընդհակառակը՝ կամրապնդեն Իրանի ղեկավարության ներքին համախմբվածությունը։

Ըստ The New York Times-ի՝ ապրիլի վերջին Պենտագոնը սպառել էր ավելի քան 1200 Patriot հակահրթիռային համակարգ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է չորս միլիոն դոլարը, և այդ ժամանակվանից ի վեր, ռազմական գնահատականների համաձայն, պաշարների հետ կապված իրավիճակը վատթարացել է։

ԱՄՆ-ն և Իրանն անցյալ շաբաթներին ակտիվացրել են հարձակումները՝ հունիսի 18-ին ստորագրված ժամանակավոր հրադադարի համաձայնագրի չեղարկումից հետո, հուշագրի խախտումների վերաբերյալ երկուստեք մեղադրանքներից հետո, ինչը մեծացրել է լայնածավալ պատերազմի վերսկսման հնարավորությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ամսվա սկզբին հայտարարեց՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն «ավարտված է», հավելելով, որ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։