Թուրքիայում նոր քննություն է սկսվել Էրդողանի հիմնական մրցակից Իմամօղլուի նկատմամբ

Թուրքիայում նոր քննություն է սկսվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից, բանտարկված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ՝ «պաշտոնատար անձին վիրավորելու» մեղադրանքով։

Իմամօղլուն արդեն մի շարք դատական գործերի մեջ է ներգրավված, այդ թվում՝ անցյալ ամիս սկսված դատավարությունը, որի շրջանակում նրան մեղադրում են հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեջ։

«Այս գործում կա միայն մեկ հանցավոր կազմակերպություն՝ դա դատախազությունն է»,- երեկ այս դատավարության ընթացքում օգտվելով խոսքի իրավունքից՝ հայտարարել է ընդդիմադիր գործիչը։

Հենց այս հայտարարությանը հաջորդել է դատախազության գործողությունը։ Բաքըրքյոյի գլխավոր դատախազությունը քննություն է սկսել «պաշտոնատար անձին իր պարտականությունները կատարելիս վիրավորելու» հանցանքի հատկանիշներով։

Իմամօղլուն ձերբակալվել էր անցյալ տարվա մարտի 19-ին մի շարք մեղադրանքներով։ Ընդդիմությունը սա որակում է փորձ՝ խոչընդոտելու նրա հնարավորությանը՝ ընտրություններում մրցակցել Էրդողանի հետ։ Դատախազները պահանջում են մինչև 2430 տարվա ազատազրկման համակցված պատիժ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այսօր դատարանի առաջ կկանգնի


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքական դատախազությունը 2000 տարվա ազատազրկում է պահանջում Իմամօղլուի համար