Թուրքիան գնահատում է բոլոր հնարավոր միջոցները, որոնք կարող են կիրառվել Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր հակամարտության դեպքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին։
Իրանը սպառնացել է հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, եթե Վաշինգտոնի կողմից հարձակման ենթարկվի։ Այդուհանդերձ, Իրանի գլխավոր դիվանագետն ընդծել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնությունը «հասանելի է», եթե առաջնահերթություն տրվի դիվանագիտությանը։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հայտարարել է, որ դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմական միջամտության և չի ցանկանում ապակայունացում տարածաշրջանում։ Լարվածությունը նվազեցնելու նպատակով Անկարան կոչ է արել կողմերին հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով։
«Քննարկվում են բոլոր սցենարները, և մշակվում են քայլեր՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Reuters-ի անանուն աղբյուրը՝ հավելելով, որ բացառվում է Իրանի ինքնիշխանությունը ոտնահարող որևէ քայլ։
Աղբյուրը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ միջոցներ է գնահատում Թուրքիան։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ապատեղեկատվության դեմ պայքարի գրասենյակը հերքել էր լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Թուրքիան ծրագրում է մտնել Իրանի տարածք՝ կանխելու փախստականների հնարավոր հոսքը։