Տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք՝ Վաղարշապատում ձերբակալված վեց ընդդիմադիրների նկատմամբ

Վաղարշապատում ձերբակալված վեց ընդդիմադիրները կմնան տնային կալանքի տակ: Դատարանները մասնակի են բավարարել Քննչականի միջնորդությունները՝ կալանավորելու նրանց, ու կիրառել են տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք՝ «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Յոթերորդ մեղադրյալն ազատության մեջ է, դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը:

Քննիչները յոթ ընդդիմադիրների մեղադրում են անցած նոյեմբերին Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի օգտին քաղաքացիներին ուղղորդելու և ընտրական իրավունքի ազատությանը խոչընդոտելու համար:

Մեղադրյալները դաշինքի ավագանու անդամի թեկնածուներ ու աջակիցներ են: «Հաղթանակ» դաշինքը հերքում է մեղադրանքն ու պնդում՝ սա քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Քննչականի հրապարակած ձայնագրությունները կասկածներ են հարուցում:

Քննչականի հրապարակած գաղտնալսումներում մարդկանց հորդորում են ՔՊ-ին չընտրել, խոսում են տեղամասեր տանելու մասին, հորդորում՝ ում քվեարկել, ում՝ ոչ:

Եթե անգամ իր թիմակիցները քննարկում են քվեարկության օրվա հետ կապված անցուդարձը, դրա ի՞նչն է հանցագործություն՝ հարցնում էր դաշինքի ավագանու խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Վաղարշապատում ձերբակալությունների մասինՎաղարշապատում խուզարկություններ և ձերբակալություններ են, ահազանգում են ընդդիմությունից