Մատչելիության հղումներ

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Վաղարշապատում ձերբակալությունների մասին

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2025-ի նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի աջակիցները մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:

Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

Հաղորդվում է, որ 6 անձ ձերբակալվել է, և որ վերջիններիս բնակության հասցեներում կատարվել են խուզարկություններ ու հայտնաբերվել են «քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր»:

Ավելի վաղ Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի անդամ Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր. «Այսօր վաղ առավոտից Վաղարշապատում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր քաղաքացիների նկատմամբ»:

«Ազատության» հետ զրույցում Սևակ Խաչատրյանը հերքում է իրավապահների պնդումները, տեղի ունեցողը համարում քաղաքական հետապնդում՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

XS
SM
MD
LG