ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքում (լրացվող)

Համառոտ

  • Այսօր Հայաստանի 21 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները։
  • 19 համայնքում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։
  • Որոշ համայնքներում պայքարը թեժ է, իսկ Արմավիրում, Գառնիում և Վայքում մրցակցություն գրեթե չկա։

11:00

Դիլիջանում ընտրությունները բավականաչափ պասիվ են ընթանում: Ժամը 11-ի դրությամբ ընտրատեղամասերում հատուկենտ ընտրողնն են երևում: Հանձնաժողովների անդամները նշում են, որ համապետական ընտրությունների համեմատ այս պահի դրությամբ պասիվություն կա:

Մասնավորապես՝ Դիլիջանի թիվ 38/04 ընտրատեղամասում ընդգրկված մասնագետներից մեկը, համեմատություններ անելով խորհրդարանական ընտրությունների հետ նշեց, որ այսօր ժամը 11-ի դրությամբ ընտրատեղամաս էր այցելել ընդամենը 65 ընտրող, այնինչ հունիսին կայացած ընտրությունների ժամանակ նույն ժամանակահատվածում մի քանի անգամ ավելի էր թիվը:

Դիլիջանում ավելի քան 15 հազար ընտրող կա, հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրողների թիվը պակասել է շուրջ 3000-ով՝ կապված նրա հետո, որ արտերկրում ապրող, բայց այստեղ հաշվառված քաղաքացիները, Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, ընտրության իրավունք չունեն:

Ի տարբերություն Դիլիջանի՝ Ստեփանավանում համեմամտաբար ավելի ակտիվ են ընտրողները, այստեղ մոտ 14 հազարից ավելի ընտրող կա: Սետփանավանից ահազանգեր կան ընտրատեղամասերի դիմաց եղած կուտակումների մասին:

08:30

Այսօր Հայաստանի 21 համայնքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ ժամը 08։00-ին բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։

19 համայնքում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։

Համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Արտաշատում, Արմավիրում, Արաքսում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Հրազդանում, Ծաղկաձորում, Գառնիում, Արթիկում, Ախուրյանում, Գորիսում, Մեղրիում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Իջևանում, Դիլիջանում և Ստեփանավանում։

Աշնանային այս ընտրափուլն ունի երկու ծայրահեղ դրսևորում. մի կողմից՝ թեժ պայքար Ստեփանավանում, Մեղրիում, Մարտունիում, Արթիկում ու նաև Արտաշատում, մյուս կողմից՝ փաստացի զրո մրցակցություն Արմավիրում, Գառնիում և Վայքում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» քվեաթերթիկում միայնակ է:

Նախընտրական իրավիճակը

Ընտրություններից մեկ օր առաջ Արթիկում և Մարտունիում ընդդիմադիր «Ապրելու երկիրը», «Հայրենիքը» և «Մեր հայրենիքը» հայտնեցին՝ իրենց մի շարք թիմակիցներ են բերման ենթարկվել, այդ թվում՝ Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և Մարտունիում «Մեր համայնքը» դաշինքի համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Կարապետյանը։

Միևնույն ժամանակ, որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի ընդդիմադիր քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ։

«Ազատությունը» այս տեղեկությունների վերաբերյալ դիմել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից հայտնել են, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Հայաստանի մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և այլ վարութային գործողություններ։ Կոմիտեի փոխանցմամբ՝ կան նաև ձերբակալված անձինք։ Սակայն թե կոնկրետ ովքեր են ձերբակալվածները և արդյոք նրանց թվում են Եղեգնաձորի պաշտոնյաները, Հակակոռուպցիոնը չէր հստակեցրել։

Ստեփանավանում էլ ընտրակաշառքի գործով կան ձերբակալվածներ: Նույն գործով իրավապահները ձերբակալվել էին նաև համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանն ու նրա 13 աջակիցները:

Ընդդիմությունն էլ հակադարձում է՝ մեղադրանքներն անհիմն են, իսկ իրենց հաղթանակը՝ անխուսափելի, անգամ թեկնածուի կալանավորված լինելու պայմաններում:

«Ականատես» դիտորդական առաքելությունն էլ քարոզարշավի վերջին օրը Ստեփանավանի ընտրություններում բարեգործության արգելքի առերևույթ խախտման դեպքեր էր արձանագրել:

Մասնավորապես միավորվող երկու համայնքների գործող ղեկավարները՝ մի դեպքում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արայիկ Ներսիսյանը, մյուս դեպքում՝ «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը ուսուցչի օրվա առիթով մանկավարժներին հյուրասիրել և ծաղիկներ են նվիրել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմադիրների բերման ենթարկելու մասին տեղեկություններ՝ Արթիկում, Մարտունիում և ԵղեգնաձորումԸնտրակաշառքի գործով ևս 10 ձերբակալված Ստեփանավանում. ազդեցություն կունենա՞ քվեարկության վրա«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել«Սխա՞լ», թե՞ «ճիշտ» քվեարկություն. Ստեփանավանում պնդում են՝ ընդդիմությանը սատարելը դարձել է աշխատանքը կորցնելու պատճառ