«Թղթի կույտ, աբսուրդ մեղադրանք». Սամվել Կարապետյանին ոստիկանական ավտոմեքենայով բերեցին դատարան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը ժամանում է դատարան, Երևան, 15-ը ապրիլի, 2026թ.

Տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին առավոտյան դատարան բերեցին ոստիկանական ավտոմեքենայով:

Կեսօրին արդեն նրա աջակիցներն ու կուսակիցները հավաքվեցին դատարանի բակում՝ պահանջելով ազատ արձակել քաղաքական հայտ ներկայացրած միլիարդատիրոջը:

Իրավապահները Կարապետյանին արգելել են ընտանիքի անդամներից ու փաստաբաններից բացի այլոց հետ շփումը, այդ պատճառով նա այսօր անպատասխան էր թողնում լրագրողների հարցերը, միայն մի հայտարարություն արեց իր թիմի շանսերի մասին. - «Մի քանի օրից կասեմ»:

Ամռանը իշխանության թիրախում հայտնված՝ Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու հայտարարությունից հետո կալանավորված գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու համար:

Քրեական գործից հետո քաղաքական հայտ ներկայացրած Կարապետյանը դատարանում հայտնեց՝ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց է սկսել, բայց երբ կավարտի դա, չմանրամասնեց:

«Հայաստանի քաղաքացի եմ, Հայաստանի ռեզիդենտ եմ, բայց ունեմ ևս երկու անձնագիր՝ ունեմ Ռուսաստանի անձնագիր և Կիպրոսի անձնագիր», - հայտարարեց գործարարը:

Թեև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է, որ Կարապետյանն է վարչապետի իրենց թեկնածուն, նա այդ պաշտոնին չի կարող հավակնել օրենսդրական արգելքի պատճառով: Օրենքով՝ վարչապետի թեկնածու կարող է լինել վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող անձը:

«Քանի որ ես հիմա «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահն եմ և մասնակցում եմ ընտրություններին, ու վստահ ենք հաղթանակի մեջ, դրա համար սկսել եմ գործընթաց այդ անձնագրերից հրաժարվելու», - դատարանում ասաց Սամվել Կարապետյանը:

Գործարարի փաստաբանների պահանջով դատավորն արգելեց դատական նիստի տեսանկարահանումը՝ թույլատրելով միայն ձայնագրությունը: Պաշտպանական թիմից Արմեն Ֆերոյանը պնդեց, թե տեսանկարահանումը կխոչընդոտի իրենց գործունեությունը։ Ինքը՝ Սամվել Կարապետյանը, այս հարցը թողեց իր փաստաբանների հայեցողությանը։

«Կալանավորվել եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու համար, հայոց ինքնությունը պաշտպանելու համար, և մնացած բոլոր մեղադրանքները իրոք համարում եմ աբսուրդային», - հայտարարեց գործարարը:

Մեղքը չընդունող Կարապետյանը իր մեղադրանքն աբսուրդ, մեղադրական եզրակացությունն էլ՝ թղթերի կույտ անվանեց. - «Ես դա մեղադրանք չեմ համարում, մեղադրողը, իրեն հրաման տվողները ավելի շատ կապ ունեն այս թղթի կույտի հետ, քան ես»:

Դատախազն այսօր մեղադրանքը չներկայացրեց, քանի որ այլ հարց էր քննարկվում, բայց Արգամ Դալլաքյանն օրերս Հանրայինի եթերում պնդել էր, որ իշխանության զավթման կոչից բացի 8.5 միլիարդ դրամի հափշտակության և հարկերից խուսափելու համար մեղադրվող Կարապետյանն ապօրինի փողերն օրինականացնելու նպատակով Ռուսաստանի քաղաքացիների է որպես աշխատակից գրանցել: Աշխատավարձի քողի ներքո այդ մարդկանց հաշիվներին փոխանցվել են գումարներ, որոնցով Ռուսաստանի քաղաքացիները Երևանում և արտերկրում բնակարաններ են գնել: Ըստ Դատախազության՝ դրա հետևանքով ծառայողական լիազորությունների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում է կատարվել:

Այսօրվա նիստում գործարարի փաստաբանները միջնորդեցին, որ դատավորն առաջնահերթ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: 60-ամյա միլիարդատերը ցանկանում է հաջորդ շաբաթ մասնակցել իր կուսակցության համագումարին:

Փաստաբան Արամ Վարդևանյանը բացատրեց՝ սահմանափակումների պաճառով Կարապետյանը չի կարող մասնակցել ընտրացուցակի կազմմանը, մարդկանց հանդիպել, իսկ «Ուժեղ Հայաստան»-ի առաջիկա համագումարում պետք է հաստատվեն ընտրացուցակի առաջին 30 անուններն ու հաջորդականությունը:

«Մեզ համար խափանման միջոցի հարցի քննարկումը յուրաքանչյուր րոպեն էլ, ժամն էլ էական նշանակություն ունի», - հայտարարեց Վարդևանյանը:

Դատախազ Արգամ Դալլաքյանը, սակայն, պնդեց՝ ազատության մեջ գործարարը կարող է ազդել վկաների վրա, և պահանջեց տնային կալանքը երկարացնել ևս երեք ամսով:

«Կան անձինք, որոնց վրա հնարավոր է, որ ազդեցություն ունենա Սամվել Կարապետյանը՝ օգտագործելով իր դիրքը, այդ անձանց հետ հարաբերությունները», - ասաց դատախազը:

Եթե դատավորը բավարարի այս պահանջը, ապա և՛ քարոզարշավի ընթացքում, և՛ հենց քվեարկության օրը ու նաև ընտրություններից հետո Կարապետյանը դեռ կմնա տնային կալանքի տակ: Փաստաբանները հակադարձեցին՝ չկա որևէ ռիսկ, որ ազատության մեջ Կարապետյանը կարող է ազդել վկաների վրա, ընդ որում՝ ընդգծեցին, որ վկաները նախաքննության ընթացքում գործարարի դեմ ցուցմունք չեն տվել: Արմեն Ֆերոյանն ասաց՝ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելով՝ փորձ է արվում հեռու պահել նրան ակտիվ քաղաքական գործընթացներից:

«Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում, իրականացվում է քաղաքական հետապնդում և էս ամեն ինչով փորձ է արվում Սամվել Կարապետյանին թույլ չտալ ակտիվ մասնակցել քաղաքական պրոցեսներին», - պնդեց Ֆերոյանը:

Այսօրվա նիստը ընդմիջվեց դատավորի ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ: Չնայած փաստաբանները խնդրել էին անհապաղ քննել ու որոշում կայացնել՝ ազատելով Կարապետյանին տնային կալանքից, դատավորը հաջորդ նիստը նշանակեց երկու օրից՝ ապրիլի 17-ին:

Արամ Վարդևանյանը դժգոհեց այս ձգձգումից:

«Ես, չնայած քաղաքական հետապնդումներին, աբսուրդներին, հավատում եմ իրավունքի գերակայությանը: Ես իրավունքի գերակայությունը, ի դեպ, դասում եմ վեր նույնիսկ քաղաքական հետապնդումներից, հենց դրանում է դրա արժեքը և իմաստավորումը», - հայտարարեց փաստաբանը:

Դատական նիստից հետո Կարապետյանը տուն վերադարձավ նորից ոստիկանների հսկողության տակ՝ նրանց ավտոմեքենայով:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեկնարկեց Սամվել Կարապետյանի դատավարությունը (լրացվող)Սամվել Կարապետյանի դատավարությունը վաղը մեկնարկում է․ պաշտպանները պահանջում են ազատել տնային կալանքիցԸնտրություններին առաջադրումները մեկնարկեցին. ովքեր և ինչ ձևաչափով են մտնում ընտրապայքարի մեջ«Ուժեղ Հայաստան»-ը հանրահավաք անցկացրեց Ազատության հրապարակում«Պետք է նոր դեմքեր լինեն». Ծառուկյանը կոալիցիա չի կազմի Քոչարյանի հետ, Կարապետյանի դեպքում՝ «կքննարկեն»