Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանի դատավարությունը վաղը մեկնարկում է․ պաշտպանները պահանջում են ազատել տնային կալանքից

Տասը ամիս տևած քննությունից հետո վաղը մեկնարկում է Սամվել Կարապետյանի դատավարությունը՝ մի քանի հոդվածներով՝ հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր:

Առաջին նիստին ընդառաջ միլիարդատեր գործարարի փաստաբաններն այսօր միջնորդություն մուտք արեցին դատարան, որպեսզի դատավորը վաղը նախ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: Նորաստեղծ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը ցանկանում է մասնակցել իր կուսակցության՝ հաջորդ շաբաթ կայանալիք համագումարին:

«Առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին: Որովհետև կուսակցության նախագահի մասնակցությունն առանցքային է, մենք տեսանք ինչպես օրինակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահն ինչ աստիճան ինտեգրված, ներգրավված էր պրոցեսին: Մրցակցության, հավասարության ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից, սա ակնհայտ անհրաժեշտություն է», - ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակում ընդգրկված Արամ Վարդևանյանը:

Սամվել Կարապետյանը թեև ղեկավարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, բայց ընտրություններին անմիջական չի կարող մասնակցել, քանի որ նաև այլ երկրների քաղաքացի է: Ռուսաստանաբնակ գործարարը տնային կալանքի տակ է:

«Մենք խոսում ենք, օրինակ, ամեն շաբաթ-կիրակի ուժերից մեկի քարոզարշավի մասին, իսկ ուժերից մեկի մյուսի առաջնորդի՝ տնային կալանքի պայմաններում գտնելու մասին», - նշեց Վարդևանյանը:

Կարապետյանը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ Փաշինյանը պահանջում էր կաթողիկոսի հրաժարականը, իսկ ինքը հայտարարեց, թե իր ձևով կմիանա եկեղեցու պաշտպանությանը: Իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքը հետագայում լրացվեց փողերի լվացման և այլ հոդվածներով:

Դատախազ Արգամ Դալլաքյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացնում էր գործարարի ենթադրյալ ծանր հանցանքները՝ 8.5 միլիարդ դրամի հափշտակություն և հարկերից խուսափում: Օրինակ, ըստ մեղադրանքի, Սամվել Կարապետյանն ապօրինի փողերն օրինականացնելու համար Ռուսաստանի քաղաքացիների է որպես աշխատակից գրանցել:

«Աշխատավարձի քողի ներքո այդ աշխատակիցների հաշիվներին փոխանցվում են գումարներ, այդ գումարը ՌԴ քաղաքացիները ուղղում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում և արտերկրում անշարժ գույքի ձեռքբերմանն, ինչի արդյունքում կատարվում է ծառայողական լիազորությունների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում», - նշել է Դալլաքյանը:

Սամվել Կարապետյանի փաստաբան Արշակ Վարդանյանը, մինչդեռ, պնդում է, որ մի քանի տասնյակ քննիչներին չի հաջողվել հիմնավորել այս մեղադրանքները. «Հարցաքննվել է 40 անձ, որոնցից որևէ մեկը Սամվել Կարապետյանին վերագրվող արարքների առնչության վերաբերյալ որևէ փաստական տվյալ չի տվել: Կատարվել են 81 զննության արձանագրություններ, բացառապես փաստաթղթեր են զննվել, այդ փաստաթղթերից որևիցե մեկում Սամվել Կարապետյանի անունը չի հիշատակվում: Հիմա նման պայմաններում Հ1-ով ելույթ ունենալ, ներկայացնել, որ այնտեղ գումարային ահավոր թվեր և այլն, որ փողերի լվացման գործընթացն է կազմակերպվել....»:

Դատախազ Դալլաքյանը երեկ չի անդրադարձել իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքին, որի հիմքում Կարապետյանի մի քանի վայրկյանի հայտարարությունն է. «Եթե հաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:

Հանրայինի եթերում հնչեցրած հայտարարությունների համար Սամվել Կարապետյանի փաստաբանները մտադիր են դատախազին բացարկի միջնորդություն ներկայացնել:

«Սա քրեական վարույթ չէ, սա 135 հատորանոց դատական իշխանության ղեկավարի կողմից վրեժխնդրություն է, վախի դրսևորում է՝ նման պայմաններում հայտնել հասարակությանը այդպիսի տեղեկատվություն, որ այն էլ հաստատված հանգամանքներով իրականությանը չհամապատասխանող», - նշեց փաստաբաններից Լիանա Գասպարյանը:

59-ամյա Սամվել Կարապետյանը, ըստ «Ֆորբս» պարբերականի, 4.1 միլիարդ դոլարի կարողություն ունի: Նախկինում նա ուղղակի ներգրավված չի եղել քաղաքականության մեջ:




Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG