Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստն անցավ թեժ մթնոլորտում։ Խորհրդի անդամների մեծամասնությունը դեմ արտահայտվեց նոր Սահմանադրության նախագիծն առանց շտկումների ու բարելավումների հրապարակելուն։
Արդարադատության նախարարը, սակայն, չընդառաջեց այդ պահանջին՝ վստահեցնելով, որ խորհրդի անդամների բոլոր անհամաձայնություններին ու առաջարկներին կանդրադառնան տեքստի հրապարակումից հետո։
«Մենք ժամանակային առումով, ցավոք սրտի, չենք հասցնելու ձեր դիտարկումները, որոնց որոշ մաս հետ մասնագիտական առումով ես էլ կարող եմ համաձայնել, բայց այս քննարկումները առիթ են տալու այս փոփոխություններն անելուն», - ասաց Սրբուհի Գալյանը:
Մոտ երեք ժամ տևած նիստում խորհրդի անդամները նախ վիճեցին՝ տեքստը պետք է նախ բարելավել և հետո՞ միայն հրապարակել, թե՞ հակառակը։ Թեև նրանցից մեծ մասն առաջարկեց տեքստը չհրապարակել առանց լրամշակման, միևնույն է, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահը մնաց անդրդվելի: Քաղհասարակությունից Դանիել Իոաննիսյանը զգուշացրեց՝ կդառնան նախագծի ընդդիմախոս, եթե այն հրապարակվի եղած տեսքով։
«Դուք ստիպում եք, որ խորհրդի անդամները հրապարակման պահից քննադատեն այն, ինչ որ հրապարակվելու է: Դուք հանգեցնում եք նրան, որ հարց առաջանա, թե ինչ է անում խորհուրդը: Ստացվում է, որ խորհուրդը Սահմանադրության նախագծի ընդդիմությունն է», - ասաց Իոաննիսյանը:
Խորհրդի անդամներից Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացնող Կարեն Թումանյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Մարդու իրավունքների պաշտպանը մի շարք խնդիրներ բարձրացրին մասնավորապես Սահմանադրության երկրորդ և երրորդ գլուխները միավորելու շուրջ: Էդմոն Մարուքյանն ու Անահիտ Մանասյանը մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող գլուխներն անգամ հետընթաց որակեցին: Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես զգուշացրեց՝ եթե հրապարակվի առանց փոփոխությունների, ինքն էլ կանցնի հրապարակային քննադատության:
«Ստացվում է, որ մենք բոլորս ընդդիմադիր ենք դառնում այս նախագծին, որը ստրատեգիական տեսանկյունից ես չեմ կարծում ինչքանով է ճիշտ: Նախագիծը ճիշտ տրամաբանությամբ առաջ տանելու համար, կարծում եմ, շատ կարևոր է, որպեսզի մեծ քանակությամբ դաշնակիցներ լինեն: Արդյունքում ստացվում է, որ այն մարդկանց, ովքեր ի սկզբանե առանց տեքստին ծանոթանալու ենթադրվում է, որ քննադատելու են նախագիծը մի հատ էլ միանում է մեր քննադատությունը, որը ես չգիտեմ ինչքանով է հանրային կոմունիկացիայի և ստրատեգիական տեսանկյունից ճիշտ», - ասաց Մանսյանը:
Իսկ գուցե արժի լսել, թե մարդիկ ինչ կասեն գրված տեքստի վերաբերյալ, և հետո՞ այն փոփոխել, առաջարկեց իշխող ուժից պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Վեճի ընթացքում Սրբուհի Գալյանը պարբերաբար հիշեցնում էր՝ տեքստը հրապարակելու համար հստակ ժամկետ է հայտարարվել, իսկ հետաձգելու հարցով որոշում կայացնողը միայն ինքը չէ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի Արդարադատության նախարարության անունից, հավանաբար նոյեմբերին․ ԳալյանԶԼՄ-ներ, եկեղեցի, վարչապետի լիազորություններ
Այս հարցի շուրջ բանավեճից հետո անցան կուսակցություններին ու ԶԼՄ-ներին վերաբերող կարգավորումներին։ Այստեղ էլ քննարկումը թեժացրեց եվրաինտեգրման ջատագով «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը՝ առաջարկելով արգելք սահմանել կեղծիք տարածող լրատվամիջոցների գործունեության նկատմամբ, ինչին կտրուկ արձագանքեցին Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը։
Սրբուհի Գալյանն ի վերջո պարզաբանեց, որ նման կարգավորման անհրաժեշտություն չկա, քանի որ լրատվամիջոցը կարող է պատասխանատվության ենթարկվել Քրեական օրենսգրքով։
Խորհրդում չընդունվեցին նաև Արթուր Սաքունցի առաջարկները. դրանցից մեկով նա առաջարկեց հանել այն դրույթը, որով ճանաչվում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը, իսկ մյուսով՝ արգելել նույն անձին երկու անգամից ավելի զբաղեցնել վարչապետի պաշտոնը։
Արդարադատության նախարարը նշեց՝ խորհրդարանական համակարգերում նման արգելք չկա, ինչին ի պատասխան՝ Սաքունցը հիշեցրեց խորհրդարանական կառավարում ունեցող Հունգարիայի օրինակը, որտեղ վարչապետին արգելվում է երկու ժամկետից ավելի պաշտոնավարել:
«Հունգարիան ամենացայտուն օրինակն է: Գերմանիայում չկա էդ ձևի բան, Շվեդիայում չկա: Մեր մոտ նախագահական տրամաբանությունը տեղափոխված է պառլամենտականի վրա: Նախագահի 19 լիազորություններից ուղղակի հանձնված է վարչապետին», - նշեց Սաքունցը:
Երբ կհրապարակվի նախագիծը
Ըստ նախարարի՝ խորհուրդը նոր Սահմանադրության մոտ 95 տոկոսն արդեն քննարկել է, սակայն մինչ օրս չի անդրադարձել նախաբանին։ Այսօրվա նիստում ևս այդ հարցը չքննարկվեց։ Արդեն հայտնի է, որ նախաբանը չի պարունակելու հղում Անկախության հռչակագրին, ինչին սպասում են Բաքվում՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։
Էդմոն Մարուքյանն այսօր քննադատեց իշխանության այն մեկնաբանությունները, որոնք ըստ նրա՝ կրկնում են Բաքվի թեզերը. «Այդ հարցը տենց հիմնավոր ներկայացնողները նախ արհամարհում են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, այսինքն, մեր ներպետական իսնտիտուտին թերագնահատում են Ադրբեջանի նախագահի կամ Ադրբեջանի իրավաբանների մեկնաբանություններին: Երկրորդը՝ շարունակում են Ադրբեջանի թեզերը տարածել: Հայաստանի Սահմանադրության մեջ Արցախի վերաբերյալ ոչ մի բան չկա, հիմա ի՞նչը փոխենք: Չկա Սահմանադրության մեջ, կա հռչակագրի մեջ, հռչակագիրը չենք կարող փոխել, ընդունված փաստ է, պատմական փաստաթուղթ է»:
Թե երբ կհրապարակվի նախագիծը, այսօր հստակ չասվեց, սակայն հրապարակումից հետո տեղի կունենա խորհրդի ընդլայնված հանդիպումը վարչապետի հետ։