Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին

Հայ-ադրբեջանական սահմանը Տավուշի մարզում

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Բաքվին։

«Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել է ԱՀ իրավասու մարմիններին»,- ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ։

Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ մոլորված ադրբեջանցին վերադարձվելու է։

«Աշխարհում չկա մի սահման, շփման գիծ, ռազմաճակատային գիծ, որ մեկ մարդը չկարողանա անցնել: Մարդը անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդը քայլելով գալիս է, ձերբակալել են, հանձնել են ԱԱԾ-ին, Հանրապետության հրապարակից չեն ձերբակալել: Մարդը անցել է, պետք է վերադարձնենք իրենց», - ասել էր Փաշինյանը:

Ավելի վաղ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968-ին ծնված Յաշար Ալի Օղլու Քասիմովը հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։50-ի սահմաններում է հայտնվաբերվել Տավուշի մարզում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանը կվերադարձնի Տավուշի կողմից սահմանը հատած ադրբեջանցուն Մեկ ամսում երկրորդ ադրբեջանցին է հատե՞լ սահմանը. իրավապահ կառույցները լուռ ենԱրտգործնախարարը չի հերքում Տավուշում ադրբեջանցի հովիվի հայտնվելու մասին տեղեկությունները