Թաթոյան. Փաշինյանն ամենահամոզիչն է հաստատում, որ աղերս չունի արևմտյան արժեքների, ժողովրդավարության հետ

«Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածու, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.

«Աստծու դատաստանից վախեցեք դուք, ՔՊ-ականներ». - մանկավարժական գիտությունների թեկնածու Հունան Մարտիրոսյանն Էջմիածնի կենտրոնական այգում Արման Թաթոյանի նախընտրական ծրագիրն էր լսում ու կեսից բորբոքվեց, սրտում կուտակվածը դատարկեց. - «Ութը տարի խաբել է։ Այսօր խաբում է, վաղն էլ է խաբելու»: Ասելիքի հասցեատերը վարչապետ Փաշինյանն էր։

«Հայաստանի Հանրապետությունում, այո, իրեք միլիոն վարչապետ կա, և պետք ա էդպես էլ լինի», - տարիներ առաջ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը:

«Դու այդ իրեք միլիոն վարչապետին, ընդամենը ասֆալտը փռեցիր, որ էդ իրեք միլիոն վարչապետին փռես ասֆալտի՞ն, փռում ես ասֆալտին։ ԱԱԾ-ի պադվալներն ես լցնում, ո՞ւր ա գնում այս ազգը։ Գլխավոր դատախազը դու ես, ոստիկանապետը դու ես», - նշեց Մարտիրոսյանը:

Ո՞ւր են Փաշինյանի խոստումները, ութ տարի խաբեց, վրդովվեց Էջմիածնի բնակիչը, որ տասնամյակներով դպրոց է ղեկավարել ու Մանկավարժական համալսարանում դասախոսել։

«Գնաց Արցախ, ասեց՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Գնաց, տվեց: Եթե ուղեղով է մտածում մարդը, հայը, պիտի հասկանա վերջին հաշվով՝ 200 քառակուսի կիլոմետրից ավել մենք ունենք ՄԱԿ-ի անդամ, սուվերեն պետության անդամ պետության տարածքից օկուպացված։ Ընկեր ջան, անցել ա քանի՞ տարի, ո՞ւր են, ո՞ւր ա իմ պետության տարածքը, դու իմ սուվերեն պետության տարածքը ծախո՞ւմ եք, էս ի՞նչ եք անում, թուրքին ե՞ք տալիս», - հայտարարեց Մարտիրոսյանը, ում հունից հանել են հատկապես, իր ձևակերպմամբ, հայ ժողովրդի պատմության դեմ Փաշինյանի քայլերը, ուրացումը. - «Բա էսօր դուրս ես էկել ոչ թե Վեհափառ Հայրապետի դեմ, դուրս ես էկել իմ, իմ հավատքի դեմ ես դուրս էկել»:

Ընդդիմությունից էլ գանգատներ ուներ Փաշինյանի քննադատը և ոչ միայն ինքը՝ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուին լսող մյուս էջմիածինցիներն էլ։ Ինչո՞ւ ընդդիմադիրներին չհաջողվեց մեկ գաղափարի շուրջ համախմբվել։

«Մեր կարմիր գիծն է, որ պետք է ամեն ինչ անել, որ ՔՊ-ն չվերարտադրվի որպես իշխանություն, Նիկոլ Փաշինյանը չընտրվի որպես վարչապետ», - ասաց Արման Թաթոյանը:

Նախկին ՄԻՊ-ի բացատրություններն էլ իրավիճակը չփոխեցին։ Միայն մանկավարժական գիտությունների թեկնածու Մարտիրոսյանն է կողմնորոշվել՝ ընդդիմադիրներից մեկին է ընտրելու, մյուսները դեռ սպասում են։

Իսկ գուցե Փաշինյանին էլ ընտրե՞ն, չէ՞ որ թոշակները 10 հազար դրամով բարձրացրել է, երջանիկ կյանք է խոստանում տարեցներին։

«Դա մի քիչ ծիծաղալու ա, բայց դե ի՞նչ արած։ Դա կաշառքային միջոց էր, կաշառքի միջոց էր, ուրիշ ոչ մի բան: Իհարկե ոչ», - ասաց հավաքվածներից մեկը:

«10 հազարով բարձրացրեց, 20 հազարով թանկացրեց կյանքը, ի՞նչ տարբերություն: Ինչքանով ավելացրել ա, կրկնակի կյանքը թանկացրել ա՝ սկսած դեղատոմսերից, սկսած շուկայից, սկսած պետական առևտրից, սկսած հարկ ու տուրքերից, էլ ինչի՞ էր բարձրացնում», - նշեց մյուսը:

«Դա ընտրակաշառք էր, 10 հազար ավելացրեց, 20 անգամ թանկացրեց ամեն ինչը: Դա ընտրակաշառք ա, ո՞ւմն է պետք դա: Ինքը ընտրակաշառք ա տվել, բայց քցում ա մյուսների վրա, թե նրանք են կաշառք տալիս։ Ստախոս մարդ ա», - պնդեց երրորդը:

Ընտրատեղամաս գնալու մտադրություն էլ դեռ չունեն Փաշինյանի ամենաքննարկված բարեփոխումից օգտվող այս քաղաքացիները։ Արման Թաթոյանը նրանց հավատացնում էր, որ իրենց քվեով է փոխվելու իշխանությունը, ընդդիմության համախմբումն էլ իրենց քվեից է կախված։ Նրա պնդմամբ՝ գործող իշխանության վարկանիշը 2021-ից հետո ընկել է։

«Ակնհայտ է, որ նրա վստահության ցուցանիշը, օրինակ, երբ համեմատում ենք 2018-ի հետ, շեշտակիորեն իջել է։ Համեմատած 21-ի ու 26-ի՝ նորից էլի իջել է, և ակնհայտ է, որ նա իրավիճակը փրկելու խնդիր ունի հիմա», - ասաց Թաթոյանը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումներով՝ իշխող ուժի վարկանիշը բարձր է ընդդիմադիրներից։ Ինչի՞ հիման վրա է «Միասնության թևեր» կուսակցության թեկնածուն պնդում, որ Փաշինյանը նախկին վստահությունը չունի։ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը բացատրեց վարչապետի վերջին օրերի վարքագծով, որ սպառնում ու վիրավորում է մրցակից ուժերին ու իրենից դժգոհ շարքային քաղաքացիներին։

«Նրա ելքը որն է՝ ստեղծել պատրանք, որ ընտրություն չունի հայ ժողովուրդը՝ կա՛մ նախկիններ, օրինակ, չէ՞, ըստ նրա ձևակերպման, կա՛մ հիմա ինքը՝ ներկա: Ինչո՞ւ է կենտրոնացած հիմա նորից այլ խնդիրների վրա։ Նա ցույց է տալիս, փորձում է կորցնել, որ իրեն դիրքավորել որպես Եվրոպայի թեկնածու, որպես ժողովրդավարության պաշտպան», - նշեց նախկին ՄԻՊ-ը:

Թաթոյանի տպավորությամբ՝ բռնի տեղահանված արցախցիների, իշխանությունից դժգոհ մարդկանց վրա հարձակվելով, Նիկոլ Փաշինյանն ամենահամոզիչն է հաստատում, որ ոչ մի աղերս չունի արևմտյան արժեքների, ժողովրդավարության հետ։ «Եվ ինքը իր պահվածքով ցույց է տալիս, որ էդ սրտիկներն ու պաչիկները կեղծիք են», - հայտարարեց մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թաթոյանը Փաշինյանին մեղադրում է ատելության քարոզ անելու համար«Հենց նեղն է ընկնում, ինքն իր դեմ սպանության փորձ է բեմադրում». ընդդիմության արձագանքը՝ ՓաշինյանինԹաթոյանը պնդում է՝ ուսանողներին ստիպում են մասնակցել ՔՊ-ի հավաքներին. ձայնագրություն է հրապարակել«Միասնության թևերը» Շիրակի մարզում էր. ընտրողներին հորդորում էին իշխանափոխություն անելԹաթոյանը պնդում է՝ Արմավիրում ճնշում են իրենց կամավորներին, մարզպետը հերքում է