Քարոզարշավի 11-րդ օրը ընտրապայքարն էլ ավելի բորբոքեց համացանցում հայտնված մի տեսանյութ, որն իրավապահների գնահատմամբ՝ վարչապետի նկատմամբ սպանություն իրականացնելու իրական վտանգ է պարունակում։ Տեսանյութի տարածման հստակ սկզբնաղբյուրը մեզ հայտնի չէ, բայց այն լրատվամիջոցներում և տարբեր ՔՊ-ականների էջերում հայտնվեց, երբ Նիկոլ Փաշինյանը 44-օրյայի ընթացքում անհետ կորածի քրոջ հետ սուր վեճից հետո ուղիղ եթերում միացրեց այն, որ արձագանքի։
«Ուրեմն այսպես մասկեքը հագել են, իբր իրենք ուժեղ տղաներ են։ Այ համբալներ, բա կռվի վախտ... Գիտե՞ք ինչու են մասկով։ Որովհետև հենց մասկեքը հանեն, տեսնելու ենք, որ սրանք այն բաներ են, այն որ տակները լցրած, փախած, մեր զինվորներին մենակ թողած, էլ չեմ բացառում թիկունքից կրակած», - ասաց Փաշինյանը:
Երկու րոպեանոց տեսանյութում երևում են հինգ դիմակավորված անձինք, որոնք պնդում են, թե Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը և պատասխան է տալու արածների համար։
Քննչական կոմիտեն միայն հայտնեց, թե նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ։ Իրավապահները նախաքննություն են իրականացնում այս անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ։
Քննչականից հրաժարվեցին մանրամասներ հայտնել, բայց վարչապետն առանց դրա էլ մեղադրանքի սլաքներն ուղղեց դեպի Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը։
«Տեսեք, հլը այս փսլինքներին նայեք, հլը այս համբալներին նայեք, այս հայ Ռոբի, Տաշիրի, Սերժիկի, Գագոյի բաներն են, փսլինքներն են: Ասում եմ, այ ձեզ եմ դիմում, հատ-հատ գտնելու եմ մասկեքներդ մտցնելու եմ համապատասխան տեղերը։ Էլ չեմ ասում այդ ավտոմատիկ կոթը։ Հլը մաստիկներդ հանեք, դուրս եկեք, տեսնեմ ովքեր եք։ Կզելու եք։ Ռոբի, Տաշիրի, Գագոյի, հետ Սերժն էլ, փաթեթով կզցնելում եմ», - ասաց Փաշինյանը:
Ընդդիմությունից արձագանքը չուշացավ: Նիկոլ Փաշինյանն ինքն է այդ տեսանյութի հեղինակը, պնդեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ սա իշխանության ձեռագիրն է, որը Նիկոլ Փաշինյանը բեմադրում է, հետո դա դարձնում մարդկանց սպառնալու պատճառ։
«Այսինքն հենց նեղն է ընկնում, ինքը իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրություն է կազմակերպում, մի նպատակով, որպեսզի նա վաղ սերմանի ժողովրդի մեջ և դրանով արդարացնի ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, բռնությունները և ձերբակալությունները ու առհասարակ երկրի սահմանադրական կարգի տապալումը», - նշեց նա։
Սաղաթելյանը հորդորեց Փաշինյանին այդպիսի տեսարաններ չբեմադրել, որովհետև նրան սպանելու կամ վնասելու նպատակ ընդդիմությունը չունի։ Փոխարենը պնդեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է կանգնի դատարանի առաջ. «Դու մեր ժողովրդին պետք ես ողջ և առողջ։ Մենք ամեն ինչ անելու ենք քո անվտանգությունը ապահովելու համար, որովհետև դու պետք ես կենդանի մեր ժողովրդին։ Ինչի՞ համար, որպեսզի դատարաններում պատմես՝ ինչո՞ւ հանձնեցիր Արցախը, ինչի՞ շուրջ հինգ հազար մարդու մահվան պատճառ դարձար, ովքե՞ր են քո մեղսակիցները, այս դավաճանությունը ու այս ամեն ինչը մեր ժողովրդի պետության գլխին ինչի՞ արեցիր»:
Որ տարածված տեսանյութը իշխանության հեղինակածն է այսօր ակնարկեց նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամը: Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ իշխանությանը բնորոշ է այդ գործելաոճը:
«Պետք է դեռ հասկանալ՝ իրենք են այդ վիդեոները գցում, թե չէ:Բայց մենք աշխատանք ունենք անելու։ Օրինակ, Նացիստական Գերմանիայում Լեհաստանի վրա հարձակվելու համար լեհական շորերով զինվորներ էին հարձակվել իբր ռադիոկայանի վրա գերմանական։ Պրոպագանդիստական մեքենան հետաքրքիր ձև է աշխատում», - ասաց Կարապետյանը։
Այս պահին անհայտ ծագման այդ տեսանյութի իսկությունը կասկածի տակ դրեց նաև ընտրությանը մասնակից «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը: Ըստ նրա՝ սա հիբրիդային պատերազմի շրջանակում է պատրաստվել։
«Որպես նոր, հնարամիտ տարբերակ ինչ-որ մարդկանց կասեցնելու, խաղից հանելու, կապ չունի մենք սիրում ենք այդ մարդկանց թե չէ, ինչ-որ մարդկանց նկատմամբ հետապնդումներ սկսելու, քարոզարշավին խանգարելու, կալանավորելու, ձերբակալելու, իբր ահաբեկչություն հետ կապված թեմաների մեջ ներգրավված լինելու ջհանամ, թե այդ ամեն ինչը հետո կհերքվի, ջհանամ, թե այդ ամեն ինչը հետո չեն կարողանալու հիմնավորեն։ Կարևորը ի՞նչն է, կարևորը, որ հիբրիդային պատերազմի ինչ-որ նոր գործիք է պետք ստեղծել, որովհետև ռեյտինգները զրո են ձեր, դուք խայտառակ վիճակում եք, ու դուք գիտեք դրա մասին», - նշեց Կարապետյանցը։
Դատապարտելով բռնությունը «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը միաժամանակ կարծիք հայտնեց, թե այդ տեսանյութը կարող է իշխանության կազմակերպած պրովոկացիան լինել, որ շարունակեն թիրախավորել արցախցիներին։
«Եթե այդպես չէ, նրանք պետք է մանրամասն բացատրություններով ցույց տան, ապացուցեն նաև հակառակ կողմնակիցներին համոզելու համար, որովհետև դա նրանց գործելաոճն է։ Եվ սա պետք է օբյեկտիվ հրապարակային հանրության աչքի առաջ քննությամբ պարզվի իրականում ինչի մասին է խոսքը», - ընդգծեց Թաթոյանը:
Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հետ զրույցում չթաքցրեց սպառնալիքներն ուղղված են իր հիմնական մրցակիցներին. «Սպառնում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արդարադատությամբ, սպառնում եմ ՀՀ 5000 զոհ ասելու համար սպառնում եմ, կոնկրետ սպառնում եմ Ռոբիկ, կալուգացի, Սերժ, Գագո, բոլորիդ սպառնում եմ»:
Այս պահին իրավապահները ոչ մի փաստ չեն հայտնել, որ տեսանյութը կապ ունի ընդդիմադիր առաջնորդների հետ։ Իսկ գուցե Փաշինյանի՞ն են փաստեր հայտնի. «Այո, փաստն այն է, որ իրենց խոսույթի հետ 100 տոկոսով... այն բանը, հորեղբոր կինը, որ եկել էր այստեղ խոսում էր երեկ, այս նույն խոսույթն է։ Այս մասկեքով խոսացողներին էլ ասում եմ՝ հանեք ձեր մասկեքը, և երբ որ հանեն մասկեքը, կտեսնեն, որ սրանք պատերազմի առաջին ժամերին մարտի դաշտերից փախածներն են։ Այն, որ մետրոյում ասում էի՝ փախածները, այ սրանք են փախածները։ Եվ ես սրանց գտնելու եմ հատ-հատ, մասկեքը հանելու եմ և ասեցի, թե ինչ եմ անելու»։