Տասնօրյա հրադադար Իսրայելի և Լիբանանի միջև. լիբանանցիները տոնում են

Լիբանան - Հրադադարի՝ գոործողության մեջ մտնելուց հետո լիբանանցիները վերադառնում են իրենց տները, 17-ը ապրիլի, 2026թ.

Լիբանանցիները տոնում են Իսրայելի հետ տասնօրյա հրադադարը, որը ձեռք է բերվել Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ուժի մեջ մտել գիշերվանից: Հրադադարի մասին առաջինը Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Իսրայելի վարչապետի և Լիբանանի նախագահի հետ հեռախոսազրույցներից հետո։

«Սա կարող է պատմական օր լինել Լիբանանի համար։ Լավ բաներ են կատարվում», - սոցցանցում գրել է Դոնալդ Թրամփը։ Նա հույս է հայտնել, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն «պատշաճ կգործի» և կհետևի հրադադարին: «Պետք է վերջ դնել սպանություններին։ Պետք է վերջապես խաղաղություն լինի», - գրել է նա:

Իսրայելը, սակայն, հայտարարել է, որ իր զորքը կմնա Լիբանանի հարավում ստեղծված «անվտանգության գոտում», և բնակիչներին զգուշացրել է չվերադառնալ այդ տարածք։ Իսկ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ն զգուշացրել է՝ «մատը ձգանի վրա» է պահում, եթե Իսրայելը խախտի հրադադարը: Իրանն էլ ողջունել է հրադադարը՝ այն որակելով դիվանագիտական հաջողություն և «Հեզբոլա»-ի դիմադրության արդյունք։

Պատերազմի հետևանքով Լիբանանում ավելի քան 1 միլիոն մարդ է տեղահանվել՝ բնակչության մոտ 20 տոկոսը: Կառավարությունը նրանց կոչ է արել դեռ չվերադառնալ: Սակայն հազարավոր մարդիկ սկսել են վերադառնալ իրենց տներ, որոնց մի մասն ավերված է: Շատերն էլ սպասում են պատերազմի ավարտին:

«Այստեղ ամեն ինչ ավերված է, հնարավոր չէ ապրել։ Մենք վերցնում ենք մեր իրերը և նորից հեռանում։ Տա Աստված այս ամենը ավարտվի ընդմիշտ, ոչ թե ժամանակավորապես, որպեսզի կարողանանք վերադառնալ մեր տներ», - ասում է Նաբաթիեի տեղահանված բնակիչ Ֆադել Բադրեդինը:

«Թող պատերազմը պաշտոնապես դադարի ... և այդ ժամանակ կվերադառնանք։ Բայց հիմա՝ ոչ, չենք վերադառնա, մինչև պատերազմը չդադարի, և իսրայելցիները չհեռանան Լիբանանի տարածքից», - նշում է Մարկաբայի տեղահանված բնակիչ Սայեդ Աքրամ Ատունը:

«Ոչինչ չգիտեմ Բեյրութում գտնվող իմ տան մասին։ Նույնիսկ այնտեղ դեռ չեմ եղել ... Եթե այն ավերված է, թող դա լինի հանուն դիմադրության: Մեզ քարերը կամ փողը չեն հետաքրքրում. մենք արժանապատվություն և պատիվ ենք պահանջում», -հայտարարում է Լիբանանի մայրաքաղաքի տեղահանված բնակիչ Ահմադ Մչեյքը:

Մի շարք երկրներ ողջունել են հրադադարը, ըստ որի՝ Իսրայելն իրավունք ունի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ինքնապաշտպանվելու համար։ Լիբանանն էլ պետք է կանխի «Հեզբոլա»-ի և մյուս «զինված խմբավորումների» հարձակումներն Իսրայելի վրա։ ԱՄՆ-ն, իր հերթին, պետք է շարունակի միջնորդությունը՝ «մնացած բոլոր հարցերը լուծելու» համար։

Ու մինչ Լիբանանում կրակի դադարի առաջին ժամերն են, Իրանում գործող երկշաբաթյա հրադադարի ավարտին հաշվված օրեր են մնացել: Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե վստահ չէ, որ պետք է երկարաձգվի հրադադարը, որն ավարտվում է ապրիլի 21-ին: ԱՄՆ նախագահը, սակայն, ասել է, որ պատերազմը պետք է «ավարտվի շատ շուտով»։

«Մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք։ Եվ պատերազմը պետք է ավարտվի շուտով։ Ամեն ինչ իդեալական է։ Մենք աշխարհի ամենահզոր բանակն ունենք», - ասել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ շաբաթավերջին: Ու եթե Իրանը համաձայնության չգա, ռազմական գործողությունները կվերսկսվեն, սպառնացել է նա՝ առանց ժամկետներ նշելու: Նույն սպառնալիքը երեկ ԱՄՆ պաշտպանության նախարարն էր հնչեցրել:

Այս ընթացքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շարունակում են իրանական նավահանգիստների շրջափակումը: Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Սաուդյան Արաբիայից նավթով բեռնված հարավկորեական լցանավը Կարմիր ծովով դուրս է եկել Մերձավոր Արևելքից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մի շարք երկրներ ողջունել են Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը«Հեզբոլան» հայտարարում է, որ «մատը ձգանի վրա է», եթե Իսրայելը խախտի հրադադարը««Հեզբոլա»-ն պետք է վայր դնի զենքերը, Իսրայելը՝ դադարեցնի պատերազմը». ՄակրոնԹրամփը հույս է հայտնում, որ «Հեզբոլա»-ն «պատշաճ կգործի» Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի շուրջ. ԹրամփԹրամփը հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմը «պետք է շատ շուտով ավարտվի»