Տարածքային հարցը դեռևս լուծված չէ. Զելենսկին՝ Թրամփի հետ բանակցություններից հետո

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքները սահմանող փաստաթուղթը պատրաստ է, սակայն տարածքային հարցերը դեռևս լուծված չեն:

Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան պետք է փոխզիջումների գնան խաղաղության գործընթացում:

«Մենք խոսում ենք մի հարցի մասին, որն ամենաբարդն է, որը դեռևս լուծված չէ», - ասել է Զելենսկին: Reuters-ի փոխանցմամբ՝ Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցողները ուրբաթ և շաբաթ օրերին առաջին անգամ եռակողմ հանդիպումներ կանցկացնեն Աբու Դաբիում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը՝ Պուտինին. «Պատերազմը պետք է ավարտվի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Դավոսում մոտ մեկ ժամ բանակցել է. «Ես շատ լավ հանդիպում ունեցա նախագահ Զելենսկիի հետ», - հայտարարեց ԱՄՆ նախագահը:

«Այս պատերազմը պետք է ավարտվի», - ասաց Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ուղերձ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ուկրաինայի նախագահը ևս հանդիպումն «արդյունավետ և իմաստալից» է որակել: Զելենսկին սոցցանցում նշել է, որ պատերազմը դադարեցնելու նպատակով Վաշինգտոնի և Կիևի միջև բանակցվող փաստաթղթերը հիմա ավելի շահեկան են: