Թանկ չվերթներ և փակ օդային տարածք. Մուսկատ-Երևան չվերթով ընդամենը 15 ՀՀ քաղաքացի է վերադարձել

Դուբայի օդանավակայան, ԱՄԷ

Վաղ առավոտյան Երևանում վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններից վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների առաջին խումբը։ Սակայն, ինչպես պարզվեց, Արտաքին գործերի նախարարության կազմակերպած թռիչքը ոչ թե պետության հաշվին էր, այլ քաղաքացիների։ Մեկ տոմսի գինն անցնում էր 1000 եվրոյի սահմանը։ Հայաստանի ընդամենը 15 քաղաքացի է կարողացել գնել այս չվերթի տոմս գնել:

Չվերթների չեղարկման հետևանքով Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող Հայաստանի քաղաքացիների տարհանումը փաստորեն պետությունը չի ֆինանսավորում։ Մարդկանց մի մասը Ծոցի երկրներ է մեկնել հանգստանալու նպատակով։ Մի մասն էլ տարածաշրջանի մեծ օդանավակայաններից մեկից պետք է այլ ինքնաթիռով շարունակեր ճամփորդությունը դեպի Հայաստան կամ այլ երկրներ։

Հայաստանի կառավարությունը միայն հայտնել է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող քաղաքացիներին Օմանի մայրաքաղաք Մասկատ ավտոբուսով անվճար տեղափոխելու մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ FlyOne-ի ինքնաթիռն ուղևորվել է Օման, դեպի Երևան չվերթը մասնավոր է

Թանկ տոմսերից ոչ միայն Հայաստանում են դժգոհում։ Մասկատից Հռոմ վերադարձած երիտասարդը լրագրողներին պատմում էր՝ մեկ անձի համար 1500 եվրո էր անհրաժեշտ վճարել. «Ընտանիքներ կային: Երբ չորս-հինգ հոգով եք, շատ թանկ է, դրա համար էլ ինքնաթիռում ազատ տեղեր կային»։

Որոշ երկրներում, սակայն, քաղաքացիներին վտանգավոր վայրերից վերադարձնելու համար այլ կարգավորումներ են գործում։ Օրինակ՝ Գերմանիայում քաղաքացիները կարող են նախապես թուղթ լրացնել ու, ըստ էության, պարտքով ինքնաթիռ բարձրանալ՝ պարտավորություն ստանձնելով հետագայում փոխհատուցել։

Եթե Ծոցի երկրներում մնացած քաղաքացիները չեն կարող միանգամից այդքան գումար վճարել կամ ճանապարհը դեպի Մասկատ անվտանգ չեն համարում, այլընտրանքը հենց տեղում մնալն է։ Աբու Դաբիի տեղական իշխանություններն, օրինակ, փոխհատուցում են թռիչքների չեղարկման պատճառով հյուրանոցային բոլոր ծախսերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեղարկված թռիչքներ և կրուիզներ Մերձավոր Արևելքում. հայերը չեն կարողանում վերադառնալ Հայաստան

Իզաբելա Սարգսյանն իր երեք անչափահաս երեխաների հետ այժմ Աբու Դաբիի կղզիներից մեկի հյուրանոցում է։

Շաբաթ օրվանից Իսրայելի ու Միացյալ Նահանգների հարվածներին ի պատասխան՝ Թեհրանը թիրախավորում է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։ Հարվածներ են հասցնում նաև քաղաքացիական օբյեկտներին։ Իզաբելա Սարգսյանը պատմում է՝ ձայները լսելի են։

«Իրավիճակը տատանվում է։ Երեկ ամբողջ օրը տագնապ չի եղել։ Այս գիշեր ժամը 2:40-ից մոտավորապես մինչև ժամը 4-ը ընկած հատվածը լսել ենք ուժգին հարվածներ։ Ոչ մի պայթյուն տեղի չի ունեցել, այսինքն՝ խփել են օդում, ՀՕՊ-ն է աշխատել», - պատմեց նա։

Ռիչարդ Զաքարյանն այժմ պետք է բաց ծով նավարկության դուրս եկած լիներ, սակայն շաբաթ օրվանից անշարժ կանգնած նավի վրա է։ Պատմում է՝ անգամ պատշգամբ դուրս գալ չէին թույլատրում, այժմ գոնե մաքուր օդ կարող են շնչել։

«Մեզ զգուշացրեցին, որ կարող եք գաք վերցնել ձեր անձնագրերը, ու երբ որ դուրս գաք նավից, այդ դեպքում արդեն ամբողջ պատասխանատվությունը լինում է մեր վրա, ոչ թե իրենց։ Ներկա պահին մենք գտնվում ենք դեռ նավում: Չէինք կարողանում նույնիսկ օգտվել լողավազանից: Քանի որ մենք ունենք բաց պատշգամբ, մեզ դա բավականին մեծ օգուտ տվեց, այսինքն՝ կարողանում ենք մաքուր օդ շնչել», - «Ազատությանն» ասաց նա։

Զաքարյանը հակաօդային պաշտպանության աշխատանքն անձամբ է տեսել, նաև նկատել է Դուբայը պատած ծուխը. «Ինձ թվաց՝ սայլուտ է, բայց փաստորեն հետո իմացանք, որ պատերազմ է սկսվել, մենք մինչև այդ չգիտեինք, որ պատերազմ է սկսվել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը պնդում է՝ Իրանի ՀՕՊ-ը, օդուժը, նավատորմը և ղեկավարությունը վերացված են, Փեզեշքիանը վստահեցնում է՝ շարունակում են աշխատել

Սևան Շիրվանյանն ավելի քան տասնյակ Հայաստանի քաղաքացիների հետ Քուվեյթում է մնացել։ Շրի Լանկայից վերադարձող խումբը Քուվեյթի օդանավակայանով պետք է Երևան ժամաներ, սակայն հարվածներից հետո օդային տարածքը մարդատար ինքնաթիռների համար փակվեց։ Նրանք այժմ հյուրանոցներից մեկում են ու սպասում են՝ գուցե Հայաստան վերադառնալու որևէ տարբերակ լինի: Պատմում է՝ երեկոյան ժամերին օդային տագնապի ազդանշանն է միանում. «Ազդանշանները աշխատում են, ՀՕՊ-ն աշխատում է, և լսվում են հակաօդայինի հարվածների ձայները: Ցերեկները հիմնականում ավելի հանգիստ է»,

Այս օրերին աշխարհի բոլոր կողմերում են կառավարությունները փորձում օգնել իրենց քաղաքացիներին, որոնց թիվը հարյուր հազարներով է հաշվվում: