FlyOne ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվել է Օմանի մայրաքաղաք Մասկատ, Հայաստանի քաղաքացիներն այդ ինքնաթիռով կարող են վերադառնալ Երևան։
Չվերթը մասնավոր է, այսինքն Հայաստանի կառավարությունը չի հոգալու քաղաքացիների վերադարձի ծախսը: Մերձավորարևելյան պատերազմի պատճառով Ծոցի տարբեր երկրներում մնացած ՀՀ քաղաքացիները, որ ցանկանում են այդ չվերթով Երևան վերադառնալ, պետք է վճարեն թռիչքի դիմաց:
FlyOne-ի կայքում տոմսերի գինը սկսվում է 1149 եվրոյից:
Ավելի վաղ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր՝ թռիչքների չեղարկման պատճառով Աբու Դաբիում մնացած քաղաքացիների տեղափոխումը կազմակերպելու համար թռիչք նախապատրաստելու աշխատանքների մասին։ Նշել էին՝ «այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են հայտ լրացնել»:
Մասկատից Երևան թռիչքը նախատեսված է վաղը երեկոյան: Թե քանի քաղաքացի կկարողանա տոմս գնել ու այդ ինքնաթիռով վերադառնալ, առայժմ հայտնի չէ: