Ստեփանավանի նորընտիր ավագանին առաջին նիստում համայնքապետ ընտրեց 42.5 տոկոս ձայն ստացած «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանին: «Գործարար» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների 14 անդամները հենց նրան առաջադրեցին ու քվեարկեցին՝ միաձայն։
Քաղաքական այս «միահամուռ» պատկերի ետևում, մինչդեռ, դատարկ աթոռներ կային։ Նիստին չէին եկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության 4 անդամները։ Պատճառը ողբերգական էր. նրանց համայնքապետի թեկնածուն՝ 46-ամյա Արսեն Գևորգյանը, որ նույնպես ավագանու անդամի մանդատ էր ստացել, երեկ՝ ընտրակաշառքի մեղադրանքով կալանավորվելուց 21 օր անց, մահացել էր բանտում։ Այսօր նիստի մեկնարկին ավագանին մեկ րոպե լռությամբ հարգեց Գևորգյանի հիշատակը։
Վերընտրված համայնքապետ Արմեն Գրիգորյանy
Վերընտրված համայնքապետ Արմեն Գրիգորյանն իր հերթին ցավակցեց Գևորգյանի ընտանիքին՝ նշելով, որ կնախընտրեր նիստը հետաձգել, բայց օրենքի պահանջը խախտել չէին կարող։
Լրագրողների հետ զրույցում, մինչդեռ, նա շրջանցեց ընկերոջ կալանավորման ու բանտային մահվան մասին հարցերը. «Թույլ տվեք գնահատականներ չտամ, որովհետև ասացի՝ ինքը եղել է իմ ընկերը՝ անկախ քաղաքական հայացքներից»:
Այսօր բացակա էին նաև «Քաղաքացիական պայմանագրի» 3 անդամները, այդ թվում՝ ցուցակը գլխավորող Արայիկ Ներսիսյանը։ Գրիգորյանն ընտրություններից օրեր անց չէր թաքցրել, որ չի համագործակցի կուսակցի՝ Արայիկ Ներսիսյանի հետ, թեև Լոռու ՔՊ-ական մարզպետն արդեն հայտարարել էր երկու կուսակցությունների հետընտրական համագործակցության մասին:
Թե ինչո՞ւ ընտրություններից հետո հաշտված թիմից Արայիկ Ներսիսյանն այսօր չէր եկել ավագանու անդրանիկ նիստին, չբացատրեցին ոչ նրա կուսակիցները, ոչ էլ նորընտիր քաղաքապետը։ Ինքը՝ Արայիկ Ներսիսյանն այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին՝ մնալով կուլիսներում, իսկ ավագանին առանց անակնկալների այսօր ձևավորեց նոր իշխանություն։
Նիստից անմիջապես հետո համայնքապետն ավագանուն հավաքեց փակ դռների հետևում։ Թե ինչ քննարկեցին երկու իշխանական ուժերը ներսում, հայտնի չէ։
Մինչ կաբինետներում ձևավորվում է նոր իշխանությունը, Ստեփանավանի փողոցներում բնակիչները կամ զգուշավոր են խոսում քաղաքականությունից, կամ էլ կիսվում իրենց չարդարացված հույսերով: