Բանտում մահացած թեկնածուի հիշատակը հարգելուց հետո Ստեփանավանի ավագանին համայնքապետ ընտրեց

Ստեփանավանի նորընտիր  համայնքապետ Արմեն Գրիգորյանը
Ստեփանավանի նորընտիր համայնքապետ Արմեն Գրիգորյանը

Ստեփանավանում այսօր նորընտիր ավագանու առաջին նիստին ներկա 14 անդամների միաձայն քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց Արմեն Գրիգորյանը:

Ստեփանավանի համայնքապետի ընտրության նիստին ներկա չէին ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ավագանու 4 անդամները։ «Ազատությանը» հետ զրույցում փոխանցեցին, որ կուսակցությունը վերցրել է ավագանու 4 մանդատները, սակայն ներկայացուցիչներն այսօր չեն մասնակցել նիստին՝ համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան պատճառով։

46-ամյա ընդդիմադիր Գևորգյանը երեկ մահացել էր Նուբարաշենի բանտում: Նա կալանավորվել էր ընտրություններից մի քանի օր առաջ։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրան և ևս 14 հոգու մեղադրանք էր առաջադրել՝ խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ստանալու համար։

Այսօրվա նիստի սկզբում ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արսեն Գևորգյանի հիշատակը։

Նորընտիր համայնքապետ Արմեն Գրիգորյանը ցավակցեց Գևորգյանի ընտանիքին՝ նշելով, որ հակված էր, որ այսօրվա նիստը չկայանար, սակայն այն հրավիրվել է օրենքի ուժով:

Ավելի վաղ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտարարել էր, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կաջակցի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Գրիգորյանի թեկնածությանը։

Մկրտչյանի խոսքով՝ երկու ուժերը ավագանիում հանդես կգան որպես միասնական ՔՊ։

ՔՊ-ի հետ միավորվելու որոշման վերաբերյալ «Ազատությանը» տված հարցազրույցում Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ չի կարծում, թե անազնիվ է վարվել ընտրողների հետ՝ նախապես չհայտարարելով այդ հնարավորության մասին։

Հոկտեմբերի 25-ին 19 համայնքների ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունները Ստեփանավանում և Եղեգնաձորում, որտեղ 50 տոկոսից ավելի ձայն չեն ստացել, սկսել էին բանակցել իշխանամետ այլ ուժերի հետ։

Ստեփանավանը միակ համայնքն էր, որտեղ ՔՊ-ն հաղթանակ չէր տարել։ Այստեղ առավելագույն ձայները ստացել էր «Գործարար» կուսակցությունը՝ 42.20 տոկոս, իսկ ՔՊ-ն՝ 34.69 տոկոս։ Երկու ուժերի ստացած ձայների հանրագումարը 76.89 տոկոս էր։

Բանտում մահացած թեկնածուի հիշատակը հարգելուց հետո Ստեփանավանի ավագանին համայնքապետ ընտրեց

No media source currently available

​
XS
SM
MD
LG