Ծեծից մինչև կաշառք. Սպիտակի ՔՊ ցուցակի առնվազն 4 թեկնածու առնչվում է քրեական գործերի

Սպիտակի քաղաքապետ, առաջիկա ընտրություններում ՔՊ-ի թեկնածու Քաջայրը Նիկողոսյանը

Սպիտակի ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առնվազն չորս թեկնածու կա՛մ արդեն դատապարտված է, կա՛մ անցնում է ծանր քրեական գործերով՝ ծեծից ու դանակահարությունից մինչև կաշառք ու խմբակային հաշվեհարդար։

Ընտրողներին խոստանալով արդարություն և բարեկեցություն՝ «Քաղաքացիական պայմանագիրն» իր շարքերում է համախմբել հանցագործությունների մեջ մեղադրվող Արտակ Մաթոսյանին, Զալիկո Համբարյանին, Արմեն Եղիազարյանին ու Գոռ Նիկողոսյանին։

Ցուցակի պատվավոր երկրորդ համարը Սպիտակի փոխքաղաքապետ Արտակ Մաթոսյանն է։ Դեռ մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավով Սպիտակում էր, փոխքաղաքապետը զայրացել էր աշխատանքային ժամին կուսակցական միջոցառմանը մասնակցելու մասին հարցից ու պարզապես հարվածել «Ազատության» տեսախցիկին։

Այս գործը դեռ նախաքննության փուլում է, իսկ Մաթոսյանը՝ ընտրապայքարի առաջնագծում։

Ընտրական ցուցակի չորրորդ տեղում Հայաստանի ձեռնամարտի ֆեդերացիայի նախագահ և մարզիչ Զալիկո Համբարյանն է։

Նա իր մարզական հմտությունները ռինգից բացի ցուցադրել է 14-ամյա դպրոցականի տանը։ Ըստ մեղադրանքի, երկու տարի առաջ, եղբոր դստեր և համադասարանցու վեճից հետո, Համբարյան եղբայրները, մարզչի աշակերտն ու անգամ երեխայի մորեղբայրը ներխուժել են անչափահասի տուն։ 25 րոպե շարունակ ծեծել, հայհոյել ու ստիպել են պատանուն ծնկի գալ, ներողություն խնդրել։ Անչափահասին խմբով տառապանք պատճառելու մեղադրանքով դատը դեռ շարունակվում է: ՔՊ-ական մարզիչը գրավի դիմաց ազատության մեջ է և հավակնում է մասնակցել համայնքի կառավարմանը։

ՔՊ-ի ցուցակի յոթերորդ հորիզոնականում Ջրաշենի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանն է, որ միանգամից երկու քրեական գործի հերոս է։

Առաջինով նա մեղադրվում է դատարանին կաշառք տալու մեջ՝ հարազատների օգտին վճիռներ կորզելու համար։ Ըստ մեղադրանքի՝ դատավորի օգնականի միջնորդությամբ փոխանցվել է ավելի քան երկու միլիոն դրամ, ութ հազար դոլար ու մեկ գառ։ Ուշագրավ է, որ գործում գումարն ու գառը կարմիր թելի պես անցնում են, բայց թե կոնկրետ ո՞ր դատավորին են հասել դրանք, քննիչներն այդպես էլ չեն պարզել։
Ի դեպ, պաշտոնավարման կասեցումից հետո վարչական ղեկավարի պաշտոնում Եղիազարյանին փոխարինում է հենց իր եղբոր կինը։

Դեռ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Եղիազարյանն ու համագյուղացիները բողոքի ակցիաներով պաշտոնանկ էին արել գյուղի 22 տարվա գյուղապետին՝ նրան մեղադրելով կոռուպցիոն գործարքների մեջ:

ՔՊ-ական Արմեն Եղիազարյանի նկատմամբ հարուցված երկրորդ գործն արդեն մարտաֆիլմի ժանրից է. Այս տարվա ամռանն իր տան մոտ կայանման ու մեկ ձայնային ազդանշանի պատճառով Եղիազարյանը հոր հետ ծեծել էր համագյուղացուն։ Վեճն ավարտվել էր փոխադարձ դանակահարությամբ և վնասվածքներով։ Հիմա հայր ու որդի դատարանի առաջ են, բայց՝ ազատության մեջ։

Ցուցակի 23-րդ համարը Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի որդին է՝ «Հայփոստի» տեղի մասնաճյուղի ղեկավար Գոռ Նիկողոսյանը։

Նա ավագանու մանդատի է հավակնում՝ պայմանական ազատազրկման դատավճիռն՝ ուսերին։ Երեք տարի առաջ, երբ համայնքապետ հայրն ազատման դիմում էր պահանջում Սարամեջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանից, գյուղում կրքերը շիկացել էին։ Հոր հետ գյուղ այցելելուց օրեր անց Գոռ Նիկողոսյանը որոշել էր հարցը լուծել հաշվեհարդարով, և մի խումբ անձանց հետ Սպիտակում ծեծի էր ենթարկել վարչական ղեկավարի ամուսնուն։

Մեղքն ընդունելուց, 230 հազար դրամ փոխհատուցում վճարելուց և մեկ տարվա պայմանական պատիժ ստանալուց հետո Նիկողոսյանը ցուցակը գլխավորող հոր հետ խոստանում է օրինականություն հաստատել Սպիտակում։ Իսկ ահա ծեծված տղամարդու կինը՝ Թամարա Մինասյանը, քարոզարշավից առաջ ազատվեց Սարամեջի վարչական ղեկավարի պաշտոնից ու հայտնվեց հակադիր ճամբարում՝ «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակում։

Հենց նրան ու ևս երեք ենթակաների աշխատանքից հեռացնելու հրամաններն անցած շաբաթ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որակեց օրենքի խախտում։ Հանձնաժողովը դիմեց վարչական դատարան՝ ՔՊ ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու պահանջով՝ պնդելով, որ ընտրությունների նախաշեմին համայնքապետը ազատումներով հոգեբանական ճնշում է գործադրել և փորձել անօրինական առավելություն ստանալ։ Վարչական դատարանը, սակայն, մերժեց հայցը՝ Նիկողոսյանին թողնելով ընտրապայքարում։ Նույն օրը համայնքապետ Նիկողոսյանը տեսանյութ էր հրապարակել, հաղթանակի մասին խոսքն սկսել էր՝ բազմանշանակ տանձը՝ ձեռքին: