Մատչելիության հղումներ

Ջրաշենում դանակահարվել են նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը
Լոռու մարզի Ջրաշեն գյուղի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը

Լոռու մարզի Ջրաշեն գյուղում դանակահարվել են նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։ Նրանք վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց, որտեղ Արմեն Եղիազարյանը վիրահատվել է։

Հիվանդանոցից ստացված տեղեկություններով՝ նրա մոտ ախտորոշվել է ներքին արյունահոսություն։ Մոտ 2.5 լիտր արյուն է կորցրել։ Փայծաղը հեռացվել է, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։ Հայրը ևս որովայնի վնասվածքներ է ունեցել, այս պահին վիրահատվում է, «Ազատությանը» հայտնեց Սպիտակի հիվանդանոցի տնօրեն Վարդուհի Սիսակյանը։ Եղիազարյանի մայրը ոտքի վնասվածք է ստացել, նա ևս բուժում է ստանում։

Ծեծվել ու դանակի հարվածներ է ստացել նաև ենթադրաբար Եղիազարյաններին դանակահարողը՝ Արեն Վարդանյանը։ Նա տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ «Ազատության» տեղեկություններով՝ 23-ամյա երիտասարդը ռազմական ոստիկանության ծառայող է։

Պաշտոնական տեղեկություններ ստանալ դեռևս չի հաջողվել։

«Ազատությունն» իր աղբյուրներից պարզել է, որ երիտասարդը Եղիազարյանների տան հարակից ճանապարհով չի կարողացել անցնել մեքենայով։ Խնդրել է բացել ճանապարհը, որտեղ կայանած է եղել Եղիազարյանների մեքենան։ Խնդրանքը չի բավարարվել, ու ծեծկռտուք է սկսվել երիտասարդի ու նախկին վարչական ղեկավարի միջև, ինչին միջամտել են նաև ընտանիքի անդամները։

Արմեն Եղիազարյանը վարչական ղեկավարի պաշտոնից ազատվել էր այն բանից հետո, երբ նրա նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել՝ դատավորին կաշառք տալու մեղադրանքով։ Դրանից հետո նույն՝ վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվել է Եղիազարյանի եղբոր կինը, որը պաշտոնավարում է մինչև այսօր։

Նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ղեկավարում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ջրաշենի շտաբը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG