Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին:

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ:

Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը:

Նրանք քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել նախօրեին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետը

Հայաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին հնդկական զենքի երեք խոշորագույն ներկրողներից մեկն է, ավելի վաղ նշել է հնդկական ANI գործակալությունը:

The Times of India պարբերականը նախորդ ամիս հաղորդել էր, որ Pinaka հրթիռների առաջին խմբաքանակն առաքվել է Հայաստան: