Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով երկվորյակ եղբայրները տեղափոխվել են ՔԿ՝ հարցաքննության

Արդեն մեկ ժամ է՝ կիրակի ձերբակալված երկվորյակներ Դավիթ և Միքայել Մինասյանների փաստաբանները Երևանի քննչական վարչությունում են, ուր տեղափոխել են եղբայրները պահման վայրից:

Քննչականը նրանց առավոտյան մեղադրանք է առաջադրել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով:

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը լրագրողներին հայտնեց, որ եղբայրները կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունեն: Դավիթը Մինասյանը չբացահայտված ալերգիա ունի:

Մարտիրոսյանն անդրադարձավ պաշտոնյայի գործունեությունը խոչընդոտելու հոդվածին, տարակուսելով, թե ինչ քաղաքական գործունեություն էր ծավալում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկեղեցում, այն դեպքում, երբ հենց 18-ամյա տղաներին են խոչընդոտել եկեղեցում, երբ անվտանգության աշխատողները նրանց հրելով ճանապարհ էին բացում Փաշինյանի համար։

Փաստաբանները տևական ժամանակ չէին կարողանում մուտք գործել Քննչական, և միայն Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունից հետո կարողացան ներս մտնել։ Այս պահին նրանք ներսում են:

Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին, որ տղաների խափանման միջոցի հարցը դեռ չեն քննում։

Երկվորյակ եղբայրների հարազատները, դասընկերները և աջակիցները բաց նամակ են հղել ՀՀ պետական մարմիններին՝ համոզմունք հայտնելով, որ իրադարձությունների օրը նրանց գործողություններում որևէ մեկին վնաս հասցնելու միտում չի եղել:

«Ուսումնառության տարիներին նրանք երբևէ որևէ խուլիգանական արարք թույլ չեն տվել, եղել են խաղաղասեր պատանիներ։ Դավիթն ու Միքայելը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են և ամեն կիրակի մասնակցում են պատարագներին։ Նրանք երբևէ որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել, երբևէ քաղաքական որևէ ուժի չեն հարել, ընտանիքն ապաքաղաքական է։ Ծաղկազարդի տոնին ներկա են եղել Սուրբ Աննա եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին և աղոթքի պահին հայտնվել են հրմշտոցի մեջ», - նշել են նրանք նամակում՝ ընդգծելով՝ «նրանք իրենց կյանքում որևէ մեկին վիրավորանք կամ վնաս հասցրած չկան, առավել ևս իրենցից տարիքով, հարգարժան պաշտոնյա անձի»։

«Խնդրում ենք հաշվի առնելով վերոգրյալը, երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ։ Նրանք պայծառ պատանիներ են՝ լի երազանքներով, վառ նպատակներով, կարող են պիտանի մարդիկ դառնալ հասարակության և պետության համար», - ասված է նամակում։

Գևորգ Գևորգյանը ևս բերվել է Քննչական՝ հարցաքննության

Ձերբակալվածների պահման վայրից Քննչական հարցաքննության է բերվել նաև երրորդ մեղադրյալ Գևորգ Գևորգյանը։

Նա անցած շաբաթ մասնակցում էր 44-օրյա պատերազմի զեկույցը հանրայնացնելու պահանջով խորհրդարանի դիմացի ակցիաներին: Գևորգյանը մեղադրվում է խուլիգանությունը կազմակերպելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հոդվածներով:

Նրա փաստաբանները ևս ներսում են:

Դեպքը տեղի էր ունեցել կիրակի, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների, մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ՝ պատարագը դեռ չավարտված։ Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել իրեն և ասելով, որ ցանկանում է իր տեղում կանգնած մնալ: «Տենց չնայես ինձ», - դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պատարագից՝ բանտախցիկ. քրեական գործ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո