Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է պետական դավաճանության և ապօրինի ձեռք բերած պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը հրապարակելու հոդվածներով մեղադրվող ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանի դատավարությունը։
Նրա հետ մեղադրյալի աթոռին է նաև «Մայր Հայաստանի» մեկ այլ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Նիստը դռնփակ է, փաստաբանները ներսում են:
Թևանյանի փաստաբանները միջնորդեցին նիստն անցկացնել դռնբաց, դատախազներն առարկեցին, դատավորը մերժեց միջնորդությունը։ Պատճառաբանությունը պետական գաղտնիքն է։
Երևանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարանը քննում է Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգելու՝ դատախազի միջնորդությունը։ Դրանից հետո դատարանը պետք է քննի մյուս մեղադրյալի՝ կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը։
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Թևանյանի դեմ այս գործը խորհրդարանական ընտրություններում հարուցված ամենաաղմկահարույցներից էր։
ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համարը կալանավորվեց քարոզարշավի ամենաթեժ փուլում՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով: Հիմա, սակայն, երբ գործը հասել է դատարան, պարզվում է՝ Քննչականը մեղադրանքից հանել է ամենաառանցքային դրվագները։ Հիմա մեղադրանքի հիմքում խոսք չկա ոչ ռուսական գործակալական ցանցի, ոչ էլ փոխանցված տեղեկությունների դիմաց ավելի քան կես միլիոն դոլար ստանալու մասին: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, իրավապահները դեռևս չեն մանրամասնում:
Այս պահին հայտնի է, որ մեղադրանքի մեջ գործակալական ցանցը փոխարինվել է ինչ-որ հասարակական կազմակերպությամբ, որին, ըստ իրավապահների, Թևանյանը պետական գաղտնիք է փոխանցել: Իսկ 622 հազար դոլարն էլ գրանտային ծրագրում նշված նախահաշիվ է, որը Թևանյանի կազմակերպությունը, փաստաբանի պնդմամբ, չի էլ ստացել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Օտարերկրյա հատուկ ծառայությունը դարձել է ՀԿ». Թևանյանի մեղադրանքը փոխվել էՄոտ 2 ամիս է ճաղերի հետևում է նաև Թևանյանի կուսակից Արեգնազ Մանուկյանը, ով մեղադրվում է գաղտնի տեղեկությունները Թևանյանին փոխանցելու մեջ: Երկուսն էլ մեղքը չեն ընդունում, գործը քաղաքական հետապնդում են համարում:
Թևանյանը, մասնավորապես պնդում է, թե իրավապահները գործի են անցել՝ իրեն նախընտրական պայքարից դուրս թողնելու, ինչպես նաև ընտրողների տրամադրությունների վրա ազդելու համար։ Ռուսամետ դիրքորոշմամբ հայտնի քաղաքական գործիչը կալանավայրից տարածած ձայնային հաղորդագրությամբ նաև ընդգծում է՝ իրեն պատժում են այդ կողմնորոշման համար: