Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առնչությամբ՝ պարզելու դեպքին առնչվող ՄԻՊ մանդատին վերաբերելի հարցերը:
ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ՝ դրա շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից։
«Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, այդ թվում՝ կյանքի և առողջության պաշտպանության պարտավորությունը գտնվում է պետության պատասխանատվության ներքո։ Պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը», - ասված է հայտարարությունում։
Ստեփանավանում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գրիգորյանը մահացել է այսօր առավոտյան, Նուբարաշենի բանտում, ըստ մտերիմների՝ սրտամկանի ինֆարկտից: Նրա մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննչական կոմիտեն, սակայն, հրաժարվում է ասել, թե որ հոդվածով է հարուցվել քրեական վարույթը:
Գևորգյանը կալանավորվել էր տեղական ընտրություններից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, թե թեկնածուն և նրա թիմակիցները ընտրակաշառք են բաժանել տասնյակ ընտրողների, իսկ ևս 30-ի համար ցուցակներն ու գումարը «ծրարված-պատրաստ» էին: Գևորգյանը մեղադրանքը չէր ընդունում: