Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահն ազատվել է պաշտոնից

Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն ազատվել է իր պաշտոնից: Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշման մասին հայտնել է Մայր Աթոռը:

Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ է նշանակվել Գեղարքունյաց թեմի առաջնորդ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը:

Կաթողիկոսի մեկ այլ որոշմամբ էլ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը կզբաղեցնի քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով:

Տարեսկզբին հակակաթողիկոսական թիմին միացած Տեր Գուսան Ալջանյանն ավելի վաղ Վեհափառին հակականոնական քայլերի համար էր մեղադրել:

«Առաջնորդի ընտրությունը կատարվում է երեք թեկնածուներից՝ ժողովրդի կողմից, մենք ժողովրդավար եկեղեցի ենք: Ուզում է իր սիրելի մարդուն բերել, մեզ պարտադրել՝ սա անընդունելի է և մերժելի է», - պնդել էր նա՝ շեշտելով, որ Գարեգին Բ-ն իր ցանկալի թեկնածուին՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդին է նշանակելու այդ պաշտոնում:

Վարչապետը և տասը եպիսկոպոսները եկեղեցու բարենորոգման վերաբերյալ հայտարարության ստորագրումից հետո՝ մոտ 10 օր առաջ, խորհրդի առաջին նիստն էին գումարել: Օրակարգում կաթողիկոսին անցնցում հեռացնելու հարցն էր:

Վեհափառը պաշտոնանկ էր արել վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ սրբազանին՝ հիմնավորելով, որ նա թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ է գործադրել:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. «Պատրաստվում ենք այնպես անել, որ Կտրիճ Ներսիսյանը մտադրությունը փոխի»