Շիրակի թեմի հոգևորականները, երգչախումբը կբոյկոտեն Յոթ Վերքում վարչապետի մասնակցությամբ պատարագը

Յոթ Վերք եկեղեցի, Գյումրի, արխիվ

Շիրակի թեմի հոգևորականները, սարկավագներն ու եկեղեցու երգչախումբը կբոյկոտեն վաղը Գյումրիի առաջնորդանիստ Յոթ Վերք եկեղեցում վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ պատարագը: Մեր պատարագը կմատուցենք Յոթ Վերքի դեմ-դիմաց գտնվող ու մեկ տարի առաջ կաթողիկոսի ձեռամբ օծված Սուրբ Ամենափրկչում, «Ազատությանն» ասաց Տեր Հուսիկ քահանան:

«Պատարագը մատուցվելու է, և պատարագը կմատուցվի եկեղեցիներից մեկում, այս դեպքում մենք միշտ, որ մեր այստեղ տեղի եկեղեցու հավատացյալները գալիս են, հարցնում են, մենք ասում ենք, որ պատարագ է լինելու, և պատարագը Ամենափրկչում է լինելու։ Եվ այդ իմաստով բոլորին մենք հրավիրում ենք Ամենափրկչում, որ գան, առաքելական պատարագին մասնակցեն, և առաքելական պատարագը իրենց կյանքում չպակասի, նաև բնական է, որ հաղորդվեն ճշմարիտ հաղորդությամբ», - ասաց նա։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին գահից հեռացնել ցանկացող վարչապետ Փաշինյանի պայմանն է, որ իր մասնակցությամբ պատարագներում չհնչի կաթողիկոսի անունը, ընդ որում՝ օրերս խոստովանել էր, որ այդ գործին կարող է նաև Ազգային անվտանգության ծառայությունը խառնվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հաստատում է՝ պատարագներում կաթողիկոսի անունը չհնչեցնելու խնդրանքը փոխանցվում է նաև ԱԱԾ աշխատակիցների միջոցով

Այսօր առավոտյան տարածած հայտարարությամբ Շիրակի թեմի 29 քահանաները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ իրենցից որևէ մեկը չի մասնակցի մի պատարագի, որտեղ չեզոքացվելու է կաթողիկոսի անունը: Ավելին՝ շեշտել էին՝ եթե իրենցից բացի, որևէ մեկը պատարագ մատուցի առաջնորդանիստ եկեղեցում, դա կնշանակի Յոթ Վերքի բռնազավթում:

«Ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի հայտնում ենք, որ եթե, բացի մեր թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը և կրոնական ծեսի՝ Սուրբ պատարագի, իրավասու հոգևորականի կողմից մատուցումը՝ խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը: Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով», - նշել էին հոգևորականները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շիրակի թեմի 29 հոգևորական հրաժարվում է զեղչել կաթողիկոսի անունը պատարագից

Քահանաների այս հայտարարությունից առաջ բանտում գտնվող երեք բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էին երեկոյան ուղերձ տարածել: Քննադատել էին ինչպես իշխանությունների մտադրությունը, այլև այն հոգևորականներին, ովքեր համաձայնել են վարչապետի պայմանին. «Հարյուրապատիկ խորշելի և զազրելի է այն տիրադավ հոգևորականը, ով կտրվի Հուդայի գայթակղությանը և ազատազրկված իր եղբոր կամ հոր կանոնական տարածքում՝ աշխարհիկ բիրտ ուժի միջոցով, պատարագանման արարողություն կկատարի և հոգևոր ինքնասպանություն կգործի Տիրոջ Սբ Սեղանի առջև»:

Տեր Հուսիկն ասում է՝ վաղը առաջնորդանիստ եկեղեցին կբռնազավթվի. «Այն, ինչ որ կատարվում է, բռնի, զավթում է, և այսինքն՝ ուժ են կիրառում մարդկանց քրիստոնեական իրենց հավատքից, օրինական կատարվելիք Սուրբ պատարագի խորհրդից փորձում են հեռու պահել, բայց փառք Աստծո, մենք մեր պատարագը մատուցելու ենք մեր հոգևոր դասով և նաև մեր պատարագից բացի, հրավիրել ենք մեր քրիստոնյա Հայ առաքելական եկեղեցու զավակներին»:

Բանտում գտնվող Միքայել, Արշակ ու Բագրատ սրբազանները հորդորել էին նաև քահանաներին ու ժողովրդին վեճի մեջ չմտնել մյուս կողմի հետ և աղոթել թեմի մյուս եկեղեցիներում: Տեր Հուսիկն ասում է՝ կհետևեն թեմի առաջնորդի կոչին և երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցվելիք պատարագը Ամենափրկչում ու թեմի մյուս եկեղեցիներում կանցկացնեն:

«Երբ որ բռնազավթում է, այլևս այդ դրության մեջ մենք անելիք փաստորեն միգուցե ունենք, բայց այդ անելիքը արդեն կստացվի, որ մենք պատրաստ պիտի լինենք դրա հետևանքներին։ Եվ այդ հետևանքները, ասենք, ուրիշի այրանի կինը կարող է լինել։ Դրա համար մենք չենք ուզում, որ մեր քրիստոնյաների մեկի մատից անգամ արյուն գա։ Եվ այս իմաստով այդ քրիստոնեական զիջումը կատարում ենք, բայց քրիստոնեական զիջումի հետ մեկտեղ ցույց ենք տալիս, թե ինչ է կատարվել։ Եվ այդ բռնազավթումը թող մեր ազգությունը, հայ ազգը հասկանա, թե ինչ հետևանքով է բռնազավթվել», - նշեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ է մատուցելու վարչապետի մասնակցությամբ պատարագը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում

Այսօր ու վաղը Յոթ Վերքում հերթապահող քահանային մինչ այս պահը հայտնի չէ, թե ով է այն հոգևորականը, որ համաձայնել է վարչապետի նախընտրած ծեսն անցկացնել:

Պատարագի ավարտից հետո եկեղեցականները կվերդառանան Յոթ Վերք, անհրաժեշտության դեպքում նաև մաքրագործման ծես կանցկացնեն:

Յոթ Վերք եկեղեցում այսօր սովորական արարողակարգեր էին՝ կնունք, հարսանիք: Ու քանի որ տեղեկություն կար, որ իրավապահները եկեղեցու հսկողություն են անցկացնում, «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ արդյոք իրեն անհանգստացրել են, պատասխանեց. «Ինձ որևէ մեկը չի մոտեցել, կամ ես որևէ մեկին չեմ տեսել, որ ԱԱԾ-ական կամ ոստիկանական խմբեր գան՝ ինչ-որ բան անեն»: