«Շատ հյուծված վիճակում է». Արթուր Օսիպյանն արդեն 22-րդ օրը հացադուլի մեջ է

Վարչապետ Փաշինյանին հետ վիճած արցախցի Արթուր Օսիպյանն արդեն 22-րդ օրը հացադուլի մեջ է։ Երիտասարդ տղամարդը ձերբակալվեց քարոզարշավի ընթացքում՝ Ղարաբաղի թեմայով վարչապետին հարց տալուց ժամեր անց:

Քրեակատարողական բժշկության կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանը հրաժարվում է մանրամասներ հաղորդել նրա առողջական վիճակի վերաբերյալ՝ պատճառաբանելով բժշկական գաղտնիքը։

Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը՝ չշրջանցելով այդ գաղտնիքն, այդուհանդերձ որոշ մանրամասներ փոխանցեց. «Շատ հյուծված վիճակում է, քաշի զգալի կորուստ ունի»:

Օսիպյանը քարոզարշավի ընթացքում թեժ վիճաբանության ժամանակ վարչապետին հիշեցնում էր բանակցային գործընթացը, քննադատում նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը: Ի վերջո, սակայն, բանը հասավ վիրավորանքների, երբ ակտիվիստն ասաց, թե Ալիևը ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն է բարձրացնում: Վարչապետն անգամ կշտամբեց Օսիպյանին, թե ինչու չի զոհվել ղարաբաղյան պատերազմում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեղադրանք՝ վարչապետի հետ բարձր տոնով խոսելու համար. դատարանը քննում է Արթուր Օսիպյանին 2 ամսով կալանավորելու հարցը

Այս դրվագից ժամեր անց Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով: Վարչապետի թիմակիցներն էլ զուգահեռ սկսեցին պնդել, թե Օսիպյանի ձերբակալության հիմքում ոչ թե վարչապետին ուղղակի հարցեր տալն է եղել, այլ նրա նախապես արած սպառնալից գրառումը և բռնության կոչերը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ երեկ լրագրողների հետ զրույցում նոր մանրամասներ էր հայտնել. «Ես գիտեմ, որ վարչապետը հետաքրքրվել է՝ «հո այդ դրվագով չի», ասել են՝ «չէ, որովհետև այդ դրվագում չկա հանցագործություն», չէր կարող այդ մարդն այդ դրվագի համար ձերբակալվել: Այդ քաղաքացին ձերբակալվել է վարչապետի նկատմամբ հրապարակային բռնության կոչեր անելու համար»:

Օսիպյանի փաստաբանը, մինչդեռ, հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս ստացվեց, որ «բմբուլները օդ հանելու» մասին քաղաքական գրառումից միայն երկու ամիս անց և հենց Փաշինյանի հետ բանավեճի բռնվելուց հետո իրավապահները հանցակազմ գտան այդ գրառման մեջ։

«Վարչապետի բանավեճի ընթացքում անձը ձերբակալվում է, հետո ասում են՝ երկու ամիս առաջ Ֆեյսբուքում սենց մի բան է գրել: Բա երկու ամիս առաջ, որ գրել է, էդ ժամանակ իրավապահներն ո՞ւր էին, ինչի միջոցներ չեն ձեռնարկել, սպասել են՝ վարչապետի հետ բանավիճի էդ պահի՞ն: Ուղղակի վարչապետը մի բան ասում է, մնացած նախարարներն ու թիմը հետևից կրկնում են էլի», - ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Նուբարաշենի բանտում պահվող Արթուր Օսիպյանը հրաժարվում է դադարեցնել հացադուլը՝ Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել, որ իրեն «փախած» է անվանել ու վիրավորել: Վարչապետն արդեն ասել է՝ ոչ մի ներողություն էլ չի խնդրելու։

Արթուր Օսիպյանի ազատության համար արդեն 8 օր նախագահի նստավայրի դիմաց նստացույց է անում Գեղամ Օհանյանը. «Այստեղ մենք արդար պահանջով ենք ու հղում ենք անում այն պայմանավորվածությանը, որի անունը Սահմանադրություն է, ու էդ հարաբերումը խախտվել է, հերիք չի խախտվել է, մի հատ էլ խախտվել է առաջին դեմքի կողմից»:

Երիտասարդ այս տղամարդը մոտ մի շաբաթ առաջ էլ հարցում էր ուղարկել նախագահ Խաչատուրյանին, թե պատրաստվո՞ւմ է դիմել գլխավոր դատախազին։ Պատմում էր՝ պատուհանից գուցե տեսնում է, բայց չի արձագանքում։

«Ես չգիտեմ՝ ինքը պատուհանից երբեմն նայո՞ւմ է, տեսնո՞ւմ է, որ տասնյակ, հարյուրավոր մարդիկ երեկոյան ժամի հավաքվում են ու հանրային խնդիր ունեն, որն իր պահպանման ներքո է, Սահմանադրության է խախտվել», - ասաց Օհանյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կարմիր քարտ Հայաստանի նախագահին. բողոքի ակցիա՝ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով

Անտանելի է... այսօր էլ Օհանյանը Ֆեյսբուքում է գրառում արել՝ ընդգծելով՝ ատելության խոսք, հոգեբանական ճնշում, վարչական ռեսուրսի չարաշահում, ցինիզմ ու մանիպուլյացիա... այս ամենի կողքով մարդը չպետք է անտարբեր անցնի։

«Շատ խոշոր քայլով անկում ենք ապրելու, եթե մարսեցինք այս պրոցեսը: Պատժողն այս պահին կարող է լինել միայն ժողովուրդը», - ասաց Գեղամ Օհանյանը:

Այսօր մի խումբ հանրային գործիչներ Ֆեյսբուքյան գրառումներ արեցին, որ Օսիպյանի համար անձնական երաշխավորություն են ստորագրել՝ ընդգծելով, որ արցախցի տղամարդուն ազատ արձակման դեպքում նրա պահվածքի համար իրենք են պատասխանատվություն կրելու։

Ավելի վաղ էլ հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները Օսիպյանի կալանավորումն ապօրինի էին որակել՝ պնդելով, որ դա քաղաքական է: