Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծին, այն բնութագրել է՝ մեջբերելով սահմանադրագետ Վարդան Պողոսյանի գնահատականը։
«Վարդան Պողոսյանը շատ ճշգրիտ բնորոշում է տվել այդ նախագծին, ասել է, որ նախագծի սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական, ուրիշ ավելացնելու բան չունեմ», - ասաց Սերժ Սարգսյանը:
«Հիմա [ընդդիմության] անելիքը պետք է լինի մարդկանց բացատրելը, թե ինչքան վատն է այս նախագիծը, այդքան մի բան, թե ինչքան մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար», - հայտարարեց երրորդ նախագահը:
Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Փաշինյանը տարբեր ամբիոններից հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը, մյուս նախկին պաշտոնյաները հանցագործներ են, նա արձագանքեց. «Դատարանում երևում է՝ ով է հանցագործ»:
Օրերս հրապարակվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը, որում ամենաքննարկված ու աղմկահարույց փոփոխությունը նախաբանն է, որտեղ չկա հղում Անկախության հռչակագրին։
Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է նոր Սահմանադրության նախագծին՝ այն որակելով «ալիևյան սահմանադրություն»։ Ընդդիմադիրների պնդմամբ՝ Սահմանադրության փոփոխության պահանջը գալիս է Բաքվից, որը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է դարձրել Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելը։ Իշխանությունը, մինչդեռ, պնդում է, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգն է։
Պաշտոնական Բաքուն օրերս «բարձր էր գնահատել» նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրին հղումը հանելու Փաշինյանի իշխանության որոշումը: Անկախության հռչակագրում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին: Նախագծի հրապարակումից երկու օր անց էլ Ադրբեջանի արտգործնախարարը ասել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում»:
Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու քայլը ողջունել են նաև Անկարայից: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը որակել էր որպես «պատմական փոփոխություն»՝ նշելով, որ Թուրքիայի հետ վեճի առիթ դարձած ձևակերպումը հանվել է:
1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի կետերից մեկը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատար կանգնելու անհրաժեշտության մասին է: