Սահմանադրությունը պետք է ունենա որոշակի վեկտոր, չի կարելի հակադիր պրոցեսներ ստեղծել․ Փաշինյան

Նախարար Գալյանը հորդորեց քաղաքացիներին առցանց ծանոթանալ նախագծին և «սադրանքների» չտրվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ հանրային քննարկման է դրվում Սահմանադրության նոր նախագծի առաջին տարբերակը։

Նրա խոսքով՝ նախագծի ձևավորմանը նախորդել է գաղափարների հավաքագրման փուլը, իսկ այժմ արդեն ձևավորված առաջին տեքստը պետք է լրամշակվի։ Փաշինյանը նշել է, որ ներկայացված գաղափարները քննարկելի են, սակայն դրանց արդյունքում ձևավորվելիք փաստաթուղթը չպետք է դուրս գա Հայաստանի գաղափարախոսական շրջանակից։

«Փաստաթուղթը պետք է ունենա որոշակի վեկտոր, աերոդինամիկա, և չի կարելի իր մեջ հակադիր պրոցեսներ ստեղծել»,– ասել է վարչապետը։

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է նոր Սահմանադրության նախագծին՝ այն որակելով «ալիևյան սահմանադրություն»։ Ընդդիմադիրների պնդմամբ՝ Սահմանադրության փոփոխության պահանջը գալիս է Բաքվից, որը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է դարձրել Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելը։ Իշխանությունը, մինչդեռ, պնդում է, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգն է։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր հայտարարեց, որ Սահմանադրության նախագծին ծանոթանալու նպատակով ստեղծված կայքն արդեն ունեցել է շուրջ 4 հազար այցելու։ Նախարարը հորդորեց քաղաքացիներին առցանց ծանոթանալ նախագծին և մասնակցել դրա հանրային քննարկմանը։

«Մարդիկ խոսում են այնպիսի բաների մասին, որոնք կամ չկան նախագծում, կամ առկա են հիմա գործող Սահմանադրությունում և ներկայացնում սենսացիա»,- ասաց Գալյանը՝ հորդորելով ժողովրդին «սադրանքների» չտրվել։

Ընդդիմադիր պատգամավորներն արդեն մի շարք խնդիրների մասին են բարձրաձայնել, մասնավորապես մտահոգություն են հայտնել իշխանության կենտրոնացման, դատական համակարգի նկատմամբ վերահսկողության և նախագծով առաջարկվող ինստիտուցիոնալ փոփոխությունների վերաբերյալ։

​
XS
SM
MD
LG