Մայիսի 5-ից 6-ը անցկացվելիք արտգործնախարարության ամենամյա «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին ներկայացուցիչներ են լինելու նաև Թուրքիայից և Ադրբեջանից:
Հարավային Կովկասում խաղաղության թեմայով պանելային քննարկմանը մասնակցելու են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Երևանի և Անկարայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլչը։
Քննարկմանը նաև ադրբեջանցի բանախոս է ելույթ ունենալու՝ Թոփչուբաշով կենտրոնի ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովը, որը քաղհասարակության այցերի շրջանակում արդեն եղել է Երևանում:
Թուրք և ադրբեջանցի այլ փորձագետներ էլ են հաստատել մասնակցությունը երևանյան ֆորումին: Թուրքիայից Հայաստան է գալու նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առաջին գլխավոր քարտուղարի տեղակալ Մերվե Կավակչին:
Իսկ վաղը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Թուրքիան ներկայացնում է փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, Ադրբեջանից պատվիրակություն գալու մասին մինչ այս պահը ոչինչ չի հաղորդվել: