Այս ամիս Հայաստան է ժամանելու Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավարը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սեպտեմբերին մենք սպասում ենք «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ այսօր Ռուսաստանը կարող է անել Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ», - ասաց Փաշինյանը:
«Ատոմակայանի հարցը, ես նախկինում էլ եմ ասել, որ մեզ համար աշխարհքաղաքական ընտրություն չի, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. ով մեզ լավագույն առաջարկը անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից», - ընդգծեց վարչապետը:
Հայաստանի նոր կառավարությունն իր ծրագրով պարտավորվել է մինչև 2027 թվականի ավարտը կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։ Այս տարվա մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ», բայց թե կոնկրետ որ երկրի հետ է մտադիր համագործակցություն կնքել՝ Երևանը դեռ չի հստակեցրել։
Մինչ այդ, նշվում է, որ գործող ատոմակայանի՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկնակի կերկարաձգվի մինչև 2036 թվականը։
Այսօր ճեպազրույցի ժամանակ վարչապետն ասաց նաև, թե «մենք անհնար չենք համարում որևէ մոդելի ընտրությունը»: «Մեզ պետք է լավագույն առաջարկը, և մենք փնտրում ենք լավագույն առաջարկը: Մենք երբեք չենք ասել, որ ռուսականը չի կարող լինել լավագույն առաջարկ, այդ թվում՝ մոդուլյարների մասով, էնպես չի, որ Ռուսաստանը մոդուլյարների մասով առաջարկ չունի: Ստեղ հարցը, մի քանի գործոններ կան՝ գին, հետգնման ժամկետ, կառուցման ժամկետ, ֆինանսավորման սխեմաներ, հազար ու մի հարց կա», - ընդգծեց Փաշինյանը:
«Ակնհայտ է, որ առաջիկա մի տարվա ընթացքում պետք է մենք աշխատանքները ինտենսիվացնենք, որովհետև, այո, պետք է որոշում կայացնենք արդեն: Բայց նաև ասեմ, որ մենք, էլի եմ ուզում ընդգծել, որ մենք նաև աշխատում ենք գործող ատոմակայանի ժամկետը 36-ից հետո ևս մի անգամ երկարացնելու ուղղությամբ», - հայտարարեց վարչապետը:
«Էդ ընկալումը, որ՝ «վայ, եթե ռուսական է, մենք չենք ուզում», կամ՝ «վայ, եթե ռուսական է, մենք միայն դա ենք ուզում», դրանից պետք է դուրս գալ երկուսից էլ: Պետք է լավագույն առաջարկը, որ Հայաստանի Հանրապետության համար ամենալավն է, ներառյալ՝ ատոմակայանի», - կրկին շեշտեց Փաշինյանը:
Միաժամանակ, նա ընդունեց, որ «մոդուլյարների հետ պրոբլեմ կա». - «Մենք ի սկզբանե ուզում ենք և ավելի շատ ուզում ենք մոդուլյար, բայց [...] եթե մեր որոշում կայացման, շինարարության մեկնարկի պահին գործող կամ լիցենզավորված չլինի, շատ բարդ կլինի, շատ անորոշ վիճակում, շատ բարդ կլինի մեզ համար: Մենք նաև դրա համար ենք ժամանակը հնարավորինս ձգենք, որ վերջին ժամկետում որոշում կայացնենք»: