Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց 2 ամսով

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց երկու ամսով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Սահմանափակված է նաև նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ կնոջ և երեխաների: Գործ ունենք արտաիրավական հետապնդման հետ, նախ վաղեմության ժամկետները սպառված էին որոշ դեպքերում, որոշ դեպքերում մտացածին էին», - ասաց փաստաբանը:

Երեկ վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված անձինք մտել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա երկու որդիների՝ Սեդրակ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարաններ։

Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանն անմիջապես ձերբակալվել են, բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրանց մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման և կաշառք ստանալու հոդվածներով։

Հակակոռուպցիոն կոմիտեում երկրորդ նախագահին մեղսագրվող գործի շրջանակում ընդհանուր առմամբ ձերբակալվել է վեց անձ, մեղադրանք է առաջադրվել 10 անձի, այդ թվում՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ձերբակալված Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է, կալանքի որոշում դեռ չկա