Ծառուկյանին նոր մեղադրանք է ներկայացվել, նրա ընկերությունների 2 տնօրեններ կալանավորվել են

«Մուլտի Գրուպ»-ի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, արխիվ

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդություններն ու երկու ամսով կալանավորել երեկ ձերբակալված Սեդրակ Առուստամյանին ու Արթուր Դալլաքյանին, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Առուստամյանը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրության՝ «Մուլտի գրուպ կոնցեռն» տնօրենների խորհրդի նախագահն է, իսկ Արթուր Դալլաքյանը՝ դարձյալ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի տրանս»-ի տնօրենը:

Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը երեկ «Ազատությանը» հայտնել էր, որ պաշտպանյալը մեղադրվում է նույն գործով, որով մեկ ամիս առաջ կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը:

Իրավապահները ԲՀԿ առաջնորդին մեղադրում են իրանցի գործարարներից մոտ 22 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ հափշտակելու և փողերի լվացման համար: Քննչական կոմիտեն պնդում է, որ «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանն ու Արթուր Դալլաքյանն օժանդակել են Ծառուկյանին:

Այսօր ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել նաև մեկ այլ՝ լիբանանահայ գործարարից առանձնապես խոշոր չափերով շորթման և փողերի լվացման առերևույթ դեպքերով:

«Նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Գ․Ծ․-ն 2008 թվականի ընթացքում ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի հետ և առաջարկել համատեղ իրականացնել ոսկյա զարդերի վաճառքի գործունեություն: Նշված գործունեությունը ծավալելու նպատակով ընկերությունը 2009 թվականին պետական գրանցում է ստացել, որտեղ 50-ական տոկոս բաժնեմասերով բաժնետերեր են գրանցվել Գ․Ծ․-ն և Գ․Թ․-ն, իսկ ընկերության գլխավոր տնօրեն է ընտրվել Ս․Ա․-ն», - նշված է հաղորդագրությունում:

Ըստ Քննչականի՝ 2010-ի օգոստոսի 17-ին Սեդրակ Առուստամյանն ու Գագիկ Ծառուկյանը խմբի կազմում Ծառուկյանի` Առինջ գյուղում գտնվող առանձնատան այգում լիբանանահայ Գևորգ Թորամանյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են ստորագրել փաստաթղթեր, ինչի ազդեցության ներքո Թորամանյանը նույն օրը նոտարի մոտ ստորագրել է պարտավորագիր և տվել լիազորագիր, «որոնց հիման վրա 2011-ի մարտի 14-ին նրա կողմից լիազորված անձ Հ․Գ․-ի և Ս․Ա․-ի միջև կնքվել է «Բաժնեմասի առուվաճառքի մասին» պայմանագիր, որով Ս․Ա․-ին է փոխանցվել ընկերության` Գ․Թ․-ի կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը` այդ կերպ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2.5 մլն դոլարի շորթում»:

Այնուհետև Ծառուկյանը և Առուստամյանը, «նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել ոսկյա զարդերի և ընկերության 50 տոկոս բաժնեմասի հանցավոր ծագումը, դրա գործունեությունը կապել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների օրինական շրջանառություններին, իսկ ոսկյա զարդերն իրենց այլ օրինական եկամուտներին [...]` այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում», - մանրամասնում է Քննչականը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նոր մեղադրյալներ Գագիկ Ծառուկյանի գործով