Հիվանդանոցից բանտ. Սամվել Կարապետյանն արդեն կալանավայրում է

Ամանորին ընդառաջ կալանավայրից տուն տեղափոխված միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը արդեն կալանավայրում է, «Ազատությանը» հայտնեց փաստաբան Ռուբեն Հակոբյանը

Վերաքննիչ դատարանն այսօր բավարարեց Գլխավոր դատախազության բողոքը, որով իրավապահները պահանջել էին վերացնել տնային կալանքը: Փաստաբանները նոր էին ստացել այս որոշումը, դժգոհ էին: Ռուբեն Հակոբյանը լրագրողներին պարզաբանեց վերաքննիչի այսօրվա որոշումը:

Երկու որոշում է եղել՝ վարույթ հարուցելու, և վարույթի հարուցման արդյունքում որոշում է կայացվել, երկու որոշումներն էլ վերացրել է վերաքննիչ դատարանը», - ասաց նա:

Լրագրողների հարցին՝ դա ենթադրո՞ւմ է, որ պարոն Կարապետյանը պետք է տեղափոխվի բանտ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. - «Ենթադրվում է, բայց պատճառաբանական մասը պետք է կարդամ, նոր ասեմ»:

Իշխանության զավթման կոչի ու տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող «Տաշիր գրուպի» սեփականատերը տնային կալանքի տակ մնաց 17 օր: Տարեվերջին նրա փաստաբանները միջնորդել էին դատարանին ազատ արձակել նրան կալանքից: Դատավորը կիրառել էր տնային կալանք և 4 միլիարդ դրամ գրավ:

Դատախազությունը, սակայն, բողոք էր ներկայացրել վերաքննիչ, պահանջել բեկանել փաստաբանների միջնորդության հիման վրա հարուցված վարույթը, որով դատարանը տնային կալանք էր սահմանել, ինչպես նաև՝ վերադարձնել 4 միլիարդ դրամ գրավը: Դատախազության այս երկու պահանջն էլ վերաքննիչը բավարարել է:

«Այսինքն՝ այդ ի՞նչն էր խնդիրը, որ վարույթ հարուցելու մասին որոշումը բեկանվում է», - ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

60-ամյա Կարապետյանն հիվանդանոցից է տեղափոխվել կալանավայր: Թոքաբորբ ուներ և քովիդով էր վարակվել: Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով, սա հետևանք է բանտային վատ պայմանների: Կես տարվա բանտարկության ընթացքում նրա առողջական վիճակը երբեք չեն ստուգել՝ ահազանգում է փաստաբանը: Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» տնօրեն Կամո Մանուկյանը, սակայն, հակադարձում է՝ Կարապետյանը մշտապես գտնվել է բժշկական հսկողության տակ, հետազոտվել է և թոքերի հետ կապված գանգատ չի նշել։

«Ունեմ հստակ վարկած, թե ինչով է պայմանավորված, որ Սամվել Կարապետյանի մոտ ներկայումս առողջական խնդիրներ են ի հայտ եկել: Վարկածը նրանում է, որ այստեղ եղել է դիտավորության, այսինքն, իսկապես իրավասու պաշտոնյաները գիտակցել են, որ իր մոտ առկա է թոքաբորբ երկկողմանի, բայց միաժամանակ դիմել են անգործության», - նշեց փաստաբանը:

Բացի վերաքննիչի այս որոշումից, որով չեղարկվել է տնային կալանքը, Հակակոռուպցիոն դատարանն այսօր սկսեց քննել Քննչականի միջնորդությունը՝ երկարաձգելու Կարապետյանի տնային կալանքը: Բայց քանի որ տնային կալանք այլևս չկա, այս նիստն ընդմիջվեց:

Այս պահին դատարանը քննում է այսօր դատախազության ներկայացրած միջնորդությունը Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Փաստաբան Արամ Վարդևանյանի կարծիքով, այս դեպքում խախտվում են օրենքով միջնորդություն ներկայացնելու ժամկետները, դատախազությունն ու Քննչականը հակառակն են պնդում:

«Արդյոք դատախազությունն ու Քննչականն ամեն կերպ քաղաքական հետապնդման շրջանակներում երևի թե երազում են տեսնել Սամվել Կարապետյանին կալանավորված, բայց իրենք ունեն մեծագույն խոչընդոտ՝ Քրեական դատավարության օրենսգիրքն է», - ընդգծեց Վարդևանյանը:

Մյուս փաստաբան Ռուբեն Հակոբյանը «Ազատությանը» փոխանցեց՝ դեռ տնային կալանքի պայմաններում հիվանդանոցում բուժվող գործարարը բանտ կտեղափոխվի, երբ կազդուրվի:

Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը երկու ամիս առաջ լրագրողների հետ զրույցում պնդել էր՝ մեղադրանքը հիմնավոր է:

Ամիսներ առաջ Կարապետյանը բանտից քաղաքական հայտ էր ներկայացրել և հայտարարել, որ պայքարելու է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Նա առաջնորդում է «Մեր ձևով» շարժումը, որն առաջիկայում կուսակցություն է դառնալու: Նա, սակայն, վարչապետի թեկնածու չի կարող լինել, քանի որ երկքաղաքացիություն ունի: