Սամվել Կարապետյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ: Այսօր Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը՝ երկարաձգելով Կարապետյանի կալանքը ևս 3 ամսով և մերժելով փաստաբանների միջնորդությունը։

Չնայած սահմանափակումներին, դատարանը թույլատրեց Կարապետյանին հարցազրույցներ տալ։

Ամռանը իշխանության թիրախում հայտնված՝ Հայ Առաքելական եկեղեցին «մեր ձևով» պաշտպանելու հայտարարությունից հետո կալանավորված «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու համար:

Նախորդ դատական նիստում գործարարի փաստաբանները միջնորդեցին, որ դատավորն առաջնահերթ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: 60-ամյա միլիարդատերը ցանկանում է հաջորդ շաբաթ մասնակցել իր կուսակցության համագումարին:

Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նիստի ընթացքում հարցրեց՝ «ինչո՞ւ բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորող Սամվել Կարապետյանը պետք է մնա անազատության մեջ»։ Վարդևանյանը խոսեց նրա՝ եկեղեցին պաշտպանելու մասին. «Ի՞նչ պիտի աներ՝ խրախուսե՞ր եկեղեցու դեմ գործողությունները։ Այդպես էլ մենք չհասկացանք այդ 40 վայրկյանանոց հարցազրույցի մեջ «մեր ձևով» արտահայտության վտանգավորությունը»:

Փաստաբանը շեշտեց՝ կալանքից ազատ արձակելու համար Կարապետյանը 4 միլիարդ դրամ է վճարել, անցած 10 ամսում երբեք որևէ խախտում թույլ չի տվել:

Վարդևանյանը նշեց, որ այս մեղադրանքի հետ կապված նույնիսկ այս գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը նախաքննության փուլում գտել է, որ չկա հիմնավոր կասկած: Նույն այս դատավորն է ամիսներ առաջ Կարապետյանին ենթարկել տնային կալանքի։

Դատախազ Արգամ Դալլաքյան այսօր էլ պնդեց՝ Սամվել Կարապետյանը ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը։ Դատախազը հակադարձեց փաստաբաններին, թե Կարապետյանին վերագրվող տնտեսական հանցագործության դրվագով չկա որևէ մեկը, որի վրա գործարարը կարող է ազդեցություն գործել։ Պնդեց՝ ռիսկեր կան։

Դատախազը նշեց՝ փաստաբանները բացի քաղաքական հանգամանքներից, նոր փաստական հանգամանք չներկայացրին, թե ինչու պետք է Կարապետյանն ազատ արձակվի տնային կալանքից։ Դալլաքյանի խոսքով՝ վկաները դեռ պետք է հարցաքննվեն, և եթե Կարապետյանն ազատ արձակվի, ապա ռիսկ կա, որ կարող է ազդել նրանց վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս. Սամվել Կարապետյան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, ակցիա դատարանի բակում