Սահմանազատումը պետք է շարունակվի՝ հյուսիսից մինչև հարավ, այսօր Տավուշի սահմանամերձ գյուղերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց արդեն երկու տարի կանգ առած գործընթացի մասին կոնկրետ տեղեկությունների:
«Երկու ռեժիմ կա: Արդյո՞ք Հայաստանը և Ադրբեջանը ուզում են սահմանազատման արդյունքում իրար համար պրոբլեմներ ստեղծել: Եթե ուզում են իրար համար պրոբլեմներ ստեղծել, դա մի ռեժիմ է: Եթե ուզում են լուծել պրոբլեմները էնպես, որ առաջիկա հարյուրամյակներում ընդհանրապես էդ թեմաները փակվեն, և չվերադառնանք մենք էդ թեմաներին, ուրեմն՝ պետք է գտնենք փոխադարձ ընդունելի լուծումներ», - ասաց վարչապետը:
Երկու տարի առաջ Հայաստանի ու Ադրբեջանի մոտ 1000 կիլոմետրանոց սահմանի 12 կիլոմետրը սահմանազատվեց: Դա Հայաստանում ուղեկցվեց բողոքի ակցիաներով, իրավապահների ու քաղաքացիների բախումներով։
Ընդդիմադիր շարժումը հենց Տավուշի Ոսկեպարից էր սկսվել, որտեղ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի եկածներին հարցրեց՝ ամեն ինչ իր ասածո՞վ է եղել, խաղաղ ու անվտա՞նգ են զգում իրենց: Դրական արձագանքողներ եղան:
Սահմանազատման ընթացքում Ոսկեպարում ոտքի էին կանգնել, մտավախություններ էին հայտնում սկսված սահմանազատման մասին: Մեկն իր տան բակն էր ցույց տալիս, մյուսն՝ իրենց գետամերձ տարածքն ու Ոսկեպարի եկեղեցին, թե սահմանազատեն՝ ադրբեջանցիներին են անցնում: Սահմանի գիծը հասավ Ոսկեպարի մատույցներին, եկեղեցին Հայաստանի տարածքում մնաց, բայց հենց այստեղ գործնական աշխատանքը կանգ առավ:
Այսօր վարչապետն ասաց՝ կշարունակեն սահմանը գծել, բայց ժամկետներ չնշեց: Նրա խոսքով՝ դա է անվտանգ ապրելու և հակամարտությունը վերջնականապես դադարեցնելու ճանապարհը:
«Լուծումը սահմանազատման արդյունքում պետք է լինի նենց, անունդ ի՞նչ է, Նարե՞կ, լուծումը պետք է լինի նենց, որ Նարեկը էլ կոնֆլիկտի, կռիվի հեռանկար իրա, իրա էրեխեն, իրա էրեխեն, իրա էրեխեն, էդ թեման հավետ փակվի, հավետ, հավիտյան փակվի», - ընդգծեց Փաշինյանը:
Երկրի ղեկավարը հայ - ադրբեջանական հակամարտության էջը փակված է համարում, ասաց՝ դեռ երկու տարի առաջ է հայտարարել՝ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, քանի որ դրա շարունակությունն, ըստ Փաշինյանի, կնշանակի ևս մի քանի տասնամյակ Հայաստանն արնաքամ անել՝ առանց խնդրի լուծման:
Մինչդեռ Տավուշի սահմանամերձ գյուղերում միանշանակ չէին խոսում թե՛ հետագա սահմանազատման ու թե՛ խաղաղության մասին, ինչը վարչապետը վերջնականապես հաստատված է համարում:
Եթե Ոսկեպարում ու Նոյեմբերյանում լավատես են, Բերդավանում մտավախություններ ունեն՝ սահման գծողներն իրենց գյուղ հասնեն՝ այգիների գոնե մի մասը ձեռքներից գնալու է:
Բերդավանում անվտանգության հարցերից բացի իրենց ամենօրյա խնդիրների մասին էին ուզում լսել երկրի ղեկավարից: Ժամանակին Բերդավանում 162 հա խաղողի այգի են սեփականաշնորհել: Այսօր դրա 20 տոկոսն էլ չի մշակվում:
Փաշինյանը սահմանազատումը շարունակելուց էր խոսում, բերդավանցիները՝ ոռոգման ջրի բացակայությունից, այգիներն անջրդի են: Ջահելները գյուղատնտեսությունից ձեռք են քաշել՝ օգուտ չկա, ասում են:
Մի ուրիշը մեկ տարի առաջ գյուղում թափված աննախադեպ կարկուտից ու դրա վնասներից էր խոսում: Կարկուտը Բերդավանում անվնաս տանիք չի թողել: Ով կարողացել է՝ իր ուժերով վերականգնել է ջարդուփշուր եղած տանիքները, ով չէ՝ դրանք պոլիէթիլենով է ծածկել կամ ամեն անձրևին կաթոցքների տակ կաթսա է դնում, պատմում են բերդավանցիները: Ասում են՝ չնչին, անհամարժեք փոխհատուցում են ստացել:
Այսօր Բերդավանցիները գյուղ եկած վարչապետին այլ հարցերով էլ դիմեցին, գյուղացիներից մեկը խաղողի մթերման դժվարություններից խոսեց: Պատասխանը, սակայն, նրան չէր գոհացրել, ասաց՝ խաղողն իրենց այս տարի էլ օգուտ չի տա:
Եթե գյուղատնտեսության հետ կապված հարցերն անպատասխան մնացին, ապա Փաշինյանն իր ենթականերին հանձնարարում էր տվյալներ վերցնել ու զբաղվել իրեն սոցիալական հարցերով մոտեցած գյուղացիներին: