Սահմանային կետերում 2027-ի աշնանից կգործեն անշփում անցման ուղիները. Փաշինյան

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը, արխիվ

«Զվարթնոց»-ում և մյուս սահմանային կետերում 2027-ի աշնանից կգործեն «անշփում» անցման ուղիները, այսօր խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այս փոփոխությունը կյանքի կկոչվի կենսաչափական անձնագրերի ներդրումից հետո։

«Ներքին գործերի նախարարի հետ աշխատանքային քննարկում ունեինք, և ես նաև Կառավարությանը խնդիր եմ առաջադրել, որ էն պահից, երբ Հայաստանում սկսեն արդեն գործել բիոմետրիկ անձնագրերը, իսկ դա մենք սպասում ենք 2027 թվականի աշնանը, մեր օդանավակայանում և բոլոր կետերում պետք է գործեն անկոնտակտ անցման ուղիները: Բիոմետրիկ անձնագիր ունեցող, կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները պետք է գնան ուղղակի իրեց կենսաչափական տվյալները… Այսինքն՝ առանց կոնտակտի պետք է գնան օդանավ մտնեն կամ դուրս գան, կամ սահմանը հատեն», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը անշփում անցման մասին տեղեկացրեց, երբ խոսում էր Սյունիքով անցնող TRIPP-ի մասին: TRIPP-ի գործնական կիրառության հայ-ամերիկյան փաստաթղթում նշված է, որ կներդրվեն թվային գործիքներ՝ «անխոչընդոտ կապը դյուրացնելու համար»: Հաճախորդների առերես սպասարկումն իրականացվելու է մասնավոր ընկերության աշխատակիցների կողմից: Հայաստանցի սահմանապահներն ու մաքսավորները, ըստ ընտրված մոդելի, վերջնական որոշումների ու ձևակերպումների, անվտանգության ստուգման, զննման լիազորություններ կունենան: Եթե մասնավոր ընկերության օպերատորներին ընդունարանում՝ այսպես կոչված ֆրոնթ օֆիսում աշխատելու դերն է վերապահվելու, պետական մարմինների աշխատակիցները գործելու են բեք օֆիսում:

Փաշինյանն այսօր հայտնեց, որ Հայաստանում անշփում անցման համակարգի ներդրման համար պետք է ամերիկյան կողմի աջակցությունը. - «Ի՞նչ է պետք դրա համար: Դրա համար պետք է, որ Միացյալ Նահանգները, ովքեր էդ տեխնոլոգիաներին տիրապետում են, էդ տեխնոլոգիաները կիսեն մեզ հետ»։

Ըստ վարչապետի՝ ինքը նախօրեին այդ հարցով քննարկում է ունեցել Երևանում գտնվող ԱՄՆ փոխնախագահի հետ ու ստացել հավաստիացում, որ ամերիկյան կողմը Երևանին կփոխանցի նաև այդ տեխնոլոգիաները։

Երևանը նաև առաջիկայում Վաշինգտնոին կփոխանցի TRIPP-ի համաձայնագրի նախագծին առնչվող հայկական կողմի դիտարկումները։ Ըստ Փաշինյանի՝ նախագծի հիմքում հունվարին երկու երկրների կառավարությունների հաստատած փաստաթուղթն է:

Փաշինյանը շեշտեց, որ արդեն սկսվել է TRIPP նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ու գնահատումը, բայց մանրամասներ չհայտնեց, այդ թվում՝ ֆինանսական ծախսերի մասին:

Փաշինյանը խոսեց նաև նոր միջուկային ռեակտոր ունենալու քննարկումներից։ Հայտարարեց, որ ատոմակայանի այժմ շահագործվող էներգաբլոկի գործունեությունը 2036 թվականին է ավարտվելու, և այն ևս տասը տարով երկարաձգելու հնարավորություն կա։ Երևանն արդեն հայտարարել է, որ փոքր մոդուլային ռեակտորով ատոմակայան կառուցելու որոշում ունի, բայց թե որ երկրի տեխնոլոգիայով, ըստ վարչապետի, դեռ քննարկվում է: Փաշինյանի խոսքով՝ այս հարցը քննարկվում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ, և հայկական կողմը դեռ վերջնական որոշում չունի, չնայած կողմերից ոմանք, ըստ նրա, շտապեցնում են Երևանին։ Վարչապետը, սակայն, անուններ չտվեց: Վստահեցրեց՝ Երևանը որոշում կկայացնի այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին։

«Մենք բոլոր մեր գործընկերներին թափանցիկ կերպով, այսինքն՝ եթե ամբիոնից ասում եմ, դա նշանակում է՝ ոչ մեկից էլ գաղտնիք չենք պահում, բոլորին թափանցիկ կերպով ասում ենք, որովհետև, ասում ենք, դա ճակատագրական, ռազմավարական նշանակության որոշում է, և որոշում կայացնելիս մենք պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին», - հայտարարեց Փաշինյանը։

Չնայած վարչապետն ասաց, թե դեռ որոշում չկա, նախօրեին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բավականին ուղիղ հայտարարեց, որ եթե հայ-ամերիկյան միջուկային համաձայնագիրը վերջնականապես հաստատվի, ամերիկյան տեխնոլոգիաները՝ փոքր մոդուլային ռեակտորները Հայաստան կհասնեն:

Այսօրվա հարցուպատասխանին, ի դեպ, ընդդիմադիրները դարձյալ ներկա չէին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Զվարթնոց»-ում և մյուս սահմանային կետերում 2027-ի աշնանից պետք է գործեն «անշփում» անցման ուղիները. ՓաշինյանԵրևանն առաջիկայում Վաշինգտոնին կփոխանցի TRIPP-ի նախագծին առնչվող հայկական կողմի դիտարկումներըԵ՞րբ Հայաստան կհասնեն ամերիկյան տեխնոլոգիաները՝ մոդուլային ռեակտորները Վենսի 24 ժամը Հայաստանում. դրոններ, միջուկային համաձայնագիր, չիպեր ու գերիների հարց ԱՄՆ փոխնախագահն այցելեց Երևան և ԲաքուTRIPP ուղում հայ մաքսավորներն ադրբեջանցիներին ֆիզիկապես ստուգելու գործառույթ ունենալո՞ւ են, թե՞ ոչ