Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը հրապարակած տարեկան զեկույցում արձանագրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ՝ ուղիղ մեջբերելով Սահմանադրությունը փոխելու՝ Ադրբեջանի պահանջը:
«Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը՝ հեռացնելու հղումը, որը, նրա խոսքով, ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ», - ասված է զեկույցում:
Ադրբեջանի նախագահը Հայաստանի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումը չի ուզում տեսնել:
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը այս ձևակերպումներից եզրահանգել է՝ ԱՄՆ-ն ուղիղ ասում է՝ Հայաստանի իշխանությունը Սահմանադրության փոփոխության Իլհամ Ալիևի պահանջով է գնում. «Սևով սպիտակի վրա գրված է, մեկնաբանությունների տեղ չի թողնում։ Փաստորեն ամբողջ աշխարհը ֆիքսել է, որ Ալիևի պահանջով է, միայն Փաշինյանը հուսահատ ջանքեր է գործադրում սեփական ժողովրդին համոզելու, որ ոչ, լրիվ պատահականություն է, որ մենք Սահմանադրության փոփոխության մասին, ոչ թե բարեփոխումների մասին սկսեցինք խոսել այն բանից հետո, երբ դրա պահանջը հնչեցրեց Ալիևը։ Հիմա տեքստ էլ կհրապարակեն, ու կտեսնենք, որ շատ պատահականորեն լրիվ այն պահանջները, որոնք ունի Ալիևը, չկան, առաջարկում է Հայաստանը, որ հանեն։ Ներքին գործերի միջամտությունն էլ ո՞նց է լինում, ու ինքնիշխանության սահմանափակումը ո՞նց է լինում»։
«ԱՄՆ հետախուզական ծառայությունն է ասում՝ ուղիղ, որ փաստորեն մեզ խաբում են, երբ ասում են, որ խաղաղությունը հաստատված է, որովհետև այս փուլում առնվազն Ադրբեջանը պայմանագրի ստորագրման համար դեռևս նախապայման է համարում Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը», - հավելեց պատգամավորը:
Չնայած Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է համարում, բայց և պնդում է՝ արտաքին թելադրանքով չէ, որ իր նախաձեռնությամբ նոր Սահմանադրության տեքստ է մշակվել. «Անկախության հռչակագրի խնդիրը ու Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, դա անհրաժեշտ է մեզ և ոչ թե ուրիշներին՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար: Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու»:
Նոր Սահմանադրություն ունենալը վարչապետն այսօր ռազմավարական հարց համարեց, ասաց՝ իրավաբանական աշխատանքն, ըստ էության, ավարտված է:
Հայտարարարություններից դատելով՝ առջևում քաղաքական փուլն է: Նախօրեին պարզ դարձավ, որ նոր Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը հանել-չհանելու հարցը սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իր քվեարկությամբ է որոշելու, այլ՝ իշխող ՔՊ-ը: Իսկ Փաշինյանն մեկ անգամ չի ասել, որ հղումը նոր Սահմանադրությունում տեղ չպետք է ունենա:
Չնայած իր իսկ որոշմամբ սահմանադրական բարեփոխումների խորհուրդ է ձևավորվել, տարիներով աշխատել, վարչապետը չթաքցրեց, որ ինքն անձամբ է զբաղվում հարցով:
«Ես գիտեմ, որ սահմանադրական հանձնաժողովի նիստեր են տեղի ունեցել, ես գիտեմ, որ սահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են, որ պարտաճանաչ մասնակցել են, չեն կարող այդ մասշտաբային պրոցեսը թողնել ուղղակի սուբյեկտիվ ընկալումների։ Դա լրջագույն ռազմավարական հարց է, և իհարկե կառավարող ուժը, որը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մանդատը՝ կառավարելու Հայաստանի Հանրապետությունը, պետք է այդ հարցերով զբաղվի լրջորեն, և ես էլ անձամբ զբաղվում եմ», - ասաց նա:
Մեծ հաշվով, տարիների այս քննարկումներից այդպես էլ չիմացվեց՝ Անկախության հռչակագրին հղումը հանել-թողնելուց բացի, ոչ թե փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության նախագծով հեղափոխական ինչ փոփոխություն պետք է արվի:
Իշխող ուժն ասել է՝ ընտրություններում հաղթանակից հետո Սահմանադրության հանրաքվե կնախաձեռնեն, իսկ եթե այդ մեծամասնությունը չստանան, մեծ դժվարություններ կունենան նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցում:
Ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանը կիսում է ամերիկյան հետախուզական ծառայության գնահատականը, եթե մայր օրենքի նախագիծը հասնի հանրաքվեի, ելքն անկանխատեսելի է. «Ելքն այդ հանրաքվեի կանխորոշված համարել չենք կարող անգամ այս պայմաններում, այսպիսի ագիտացիայի պայմաններում, որովհետև դա խոշոր հաշվով նշանակում է, որ 650-700 հազար մարդ պետք է գնա և Ալիևի Սահմանադրությանը այո ասի»։
Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի նոր Սահմանադրությունը տարածաշրջանի խաղաղությունն է անշրջելի դարձնելու: