Ռուսները բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին, 12 մարդ վիրավորվել է. Օդեսայում 2 մարդ է զոհվել

Ուկրաինա - Ռուսների հարվածների հետևանքները Կիևում, 11-ը հուլիսի, 2026թ.

Այս գիշեր Ռուսաստանի զինված ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին: Իշխանությունները հաղորդում են Ուկրաինայի մայրաքաղաքի չորս շրջաններին հասցված հարվածների մասին: Վերջին տվյալներով՝ տուժել է 12 մարդ, այդ թվում՝ 10 և 11 տարեկան երեխաներ:

Հարվածներին հաջորդել են հրդեհներ, ըստ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ ոչ բնակելի շինություններում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հարձակումների թիրախները անօդաչու թռչող սարքերի արտադրությունում ներգրավված ռազմական արդյունաբերության ձեռնարկություններն էին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով նոր հարձակումները մայրաքաղաքի վրա, հայտարարել է. - «Գործընկերներից սպասում ենք մեր մարդկանց պաշտպանության համար աջակցության փաթեթների խոստումների իրականացում, որոնց շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Պետք է հնարավորինս արագ շարժվել Patriot-ների արտոնագրերի և բալիստիկ հրթիռների դեմ համատեղ եվրոպական նախագծի վերաբերյալ համաձայնությունների ուղղությամբ»:

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերը Ռուսաստանն արձակել է ընդհանուր առմամբ 12 հրթիռ, այդ թվում վեցը՝ բալիստիկ, և 100 անօդաչու թռչող սարք: Հաջողվել է խոցել երկու հրթիռ և գրեթե բոլոր անօդաչուները: Անկախ աղբյուրներից տվյալներ չկան:

Ռուսական զինուժը վերջին տասն օրերին արդեն երրորդ անգամ է բալիստիկ հրթիռներով հարձակվում Կիևի վրա: Նախորդ երկու հարձակումների ժամանակ՝ հուլիսի լույս 2-ի և լույս 6-ի գիշերները, ավերվել են բնակելի շենքեր, զոհվել է ընդհանուր թվով շուրջ վեց տասնյակ մարդ:

Բացի Կիևից, գիշերը հարձակումների են ենթարկվել նաև Ուկրաինայի Չեռնիգովի, Սումիի, Օդեսայի և Խերսոնի մարզերը, Խարկով քաղաքը: Վիրավորվել են տասնյակ մարդիկ, Օդեսայի մարզում երկու մարդ է զոհվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՄԱԿ. Ռուսական հարվածներից հունիսին Ուկրաինայի 265 խաղաղ բնակիչ է զոհվելՎաշինգտոնը թույլատրել է Patriot հրթիռների արտադրությունը. ինչպե՞ս կարող է սա օգնել ԿիևինՆԱՏՕ-ի առաջնորդները հավանություն են տվել Ուկրաինային 140 մլրդ եվրոյի օգնությանըՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջաններին«Զանգվածային հարձակում» Կիևի վրա. կան տասնյակ զոհեր և վիրավորներՌուսաստանը սպառնում է սաստկացնել Ուկրաինայի ուղղությամբ հարվածների հզորությունըԿիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը