Ռուսաստանը դուրս է բերում զորքը սիրիական Ղամիշլիի ռազմակայանից. Reuters

Սիրիայի «Ղամիշլի» ռազմական օդանավակայանը, արխիվ

Ռուսաստանը սկսել է իր զինուժը դուրս բերել Սիրիայի հյուսիսարևելյան Ղամիշլի քաղաքի մոտ գտնվող ռազմական օդանավակայանից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Լուրը հաստատում է նաև Իրաքյան Քրդստանում գործող Kurdistan24 լրատվականը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել զորքերի դուրսբերման մասին լուրերը:

Ռուսական զինուժի դուրսբեման մասին տեղեկությունը հաղորդվում լուրերի ֆոնին, որ Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան, ըստ «Սիրիա» հեռուստաընկերության, վաղը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ղամիշլի» օդանավակայանից բացի Ռուսաստանը Սիրիայի տարածքում ևս երկու ռազմակայան ունի՝ Տարտուսում և Խմեյմիմում։

Reuters-ը նշում է, որ Ռուսաստանը դեռ անցած շաբաթ է սկսել զորքը և տեխնիկան դուրս բերել բազայից: Զորախմբի մի մասը կուղարկի Լաթաքիայի ռուսական «Խմեյմիմ» ավիաբազա, իսկ մյուսները կվերադառնան Ռուսաստան։

Ռուսական զորքը Ղամիշլիի օդանավակայանում տեղակայված է 2019 թվականից։ Ըստ ռուսական «Վեդոմոստի» և «Կոմերսանտ» թերթերի՝ այն օգտագործվել է խաղաղապահ գործողությանն աջակցելու համար, որի ընթացքում ռուսներն օգնել են կանխել քրդական և թուրքամետ ուժերի բախումները։

Անցած տարի Սիրիայում Ահմեդ ալ-Շարաայի իշխանության գալուց հետո կառավարական ուժերը վերահսկողություն հաստատեցին երկրի հյուսիսում և արևելքում գտնվող զգալի տարածքների նկատմամբ՝ դուրս մղելով քրդական ուժերին: Այս տարածաշրջանում ներկայումս գործում է հրադադար, որը շաբաթ օրը երկարաձգվեց ևս 15 օրով:

Անցած շաբաթ «Կոմերսանտ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Սիրիայի նոր իշխանությունները կարող են Ռուսաստանին խնդրել, որ դուրս բերի իր զորքերը Ղամիշլիի բազայից և մտադիր են բանակցություններ վարել Մոսկվայի հետ այս հարցի շուրջ։